Քառյակը հրապարակում է 12 կետերը

Քառյակի ուժերը այսօր մամլո ասուլիսի ժամանակ վերջապես հրապարակեցին 12 այն կետերը, որոնցով ցանկանում են բարեփոխումներ կատարել երկրում:Նրանք այսպիսով ժամանակ ու հնարավորություններ են տալիս օրվա իշխանություններին, եւ այդ 12 կետերը չկատարելու դեպքում կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը:
1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով:
2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը:
3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն. դրամից դարձնել 150 մլն. դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն. դրամը՝ 15 մլն. դրամ: Հանել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը:
4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:
5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն. դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:
6. Հաստատել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձևավորել «Նաիրիտի» անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
7. Բացառել «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքը (մասնավորեցումը) առանց Ազգային ժողովի հավանության:
8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Հաստատել մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի միասնական համակարգ:
9. Ընդունել ձևավորված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ներառող օրենսդրական փաթեթ:
10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռման հնարավորությամբ, կտեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում:
11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով:
12. Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն: