Որոնողական աշխատանքների վայր է ժամանել ԱԻն նախարար Արմեն Երիցյանը. ջրասուզակները գտել են ջրահեղձվածներից մեկին

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղին հարակից Սևանա լճում շարունակվում են երկու ջրահեղձ եղած անձանց հայտնաբերելու ուղղությամբ տարվող որոնողական աշխատանքները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում աշխատանքները ղեկավարելու համար ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրողը, նոյեմբերի 13-ին ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ էր ստացվել Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներից, ովքեր հայտնել էին, որ իրենց գյուղի բնակիչներ, 42-ամյա Նվեր Հարությունյանն ու 25-ամյա Արթուն Վարդանյանը առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում մոտորանավակով գնացել են Սևանա լճի՝ գյուղին հարակից ափ, և ոչ մի տեղեկություն չունեն նշված անձանց մասին: Ծովակ գյուղից Գ. Շամշյանը հայտնել էր, որ գյուղացիները Վարդենիսի հրշեջ-փրկարարների, Սևանի ջրասուզակների և ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ միասին որոնողական աշխատանքներ են կատարում այն հատվածում, որտեղ հայտնաբերվել է նրանց մոտորանավակը: Լճում հայտնաբերվել էր նաև տղաներից մեկի բաճկոնը, ինչը ոստիկաններին, փրկարարներին ու գյուղացիներին ենթադրելու տեղիք էր տվել, որ տեղի է ունեցել ողբերգություն. նրանք ջրահեղձ են եղել: Գյուղացիները զանգահարում էին նաև նրանց բջջային հեռախոսներին, սակայն վերջիններս անհասանելի էին: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ մոտորանավակը հայտնաբերվել է ափից մոտ 1 կմ հեռավորության վրա:
Shamshyan.com-ը տեղեկացրել էր նաև, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն դեռ ապարդյուն: Ժամանել էին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչներ՝ ավագ քննիչ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժանմունքի քննիչ Վաչագան Չարվադարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել էր նաև Վարդենիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը: Որոնողական աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում