Մեկնաբանություն

Համակարգի սնանկությունը

Բավական է հետեւել երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններին, իշխանական համակարգում  ծայր առած պրոցեսներին, եւ հայաստանյան քաղաքական  համակարգի ողջ սնանկությունը հերթական անգամ  պարզորոշ կուրվագծվի: Ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած երկրում, իշխանությունների անմիջական ջանքերով հասարակական զվարճանքի մի նոր սցենարի ականատեսն ենք դարձել: Խոսքը Ղուկասյան-Աղաբաբյան փուլային  գզվռտոցին է վերաբերում : Մինչ քաղաքական էլիտա կոչվածները զբաղված են տղայական պրիմիտիվ լեզվակռվով, միայն նողկանք առաջացնող լեքսիկոնով միմյանց հետ հարաբերվելով,  իսկ հանրությունն ու բազմաթիվ լրատվամիջոցներ այդ «առանցքային» իրադարձություններին ուշի-ուշով  հետեւելով, , աշխարհում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես «մերոնց» ամենեւին էլ չեն  հետաքրքրում: Խոսքը նախ եւ առաջ Սիրայում տեղի ունեցող զարգացումներին է վերաբերում: Դրանք անշուշտ շրջադարձային կարող են լինել տարածաշրջանի համար: Բացի այդ, այս պահին ամենաանհանգստացնողը սփյուռքի մի հատվածի  ծայրահեղ ծանր վիճակն է. հազարավոր սիրիահայեր  ակնկալում են հայրենիքի աջակցությունը: Կարելի է ասել, որ սա իսկապես այն եզակի դեպքերից է, որ Հայաստանը, որպես աշխարհասփյուռ հայության  հայրենիք, պարտավոր է ապացուցել, որ կանգնած է սփյուռքի կողքին, որ ամեն գնով սատարելու է օտար հողում ապրող եւ այս պահին հայրենիքի նյութական ու բարոյական աջակցության կարիքը զգացող  հայությանը: Բայց ոչ. հայաստանյան իշխանությունները բոլորովին այլ գործերով են զբաղված: Ողջ իշխանական բուրգը հիմա լծված է ՏԻՄ ընտրություններն  իրենց ձեռնտու սցենարով ուղղորդելու գործին: Նախագահականի  նախաշեմին , սեպտեմբերին կայանալիք  ընտրությունների  ցանկալի արդյունքները օրհասական նշանակություն ունեն նրանց համար:  Տեղական ինքնակառավարման մարմիններն այն մանր օղակներն են, որոնք առաջիկայում վերարտադրության խնդիր են լուծելու: Որեւէ համայնքում, առավել եւս խոշոր, իշխանությունները  փորձելու են թույլ չտալ քաղաքացիական , իրական հաղթանակ: Համայնք առ համայնք, փորձելու են վերահսկողոության տակ պահել, հավատարմության երդում տված կադրերի վերարտադրությունը ապահովել՝ ես քեզ, դու ինձ պայմանով: Այժմ ուշադրության գերկենտրոնացումը երկրորդ քաղաքում է: Այնպես որ, արտաքին մարտահրավերների, երկրի ներսում  առկա ծանր սոցիալ-տնտեսական խնդիրների մասին մտածելու ժամանակ պարզապես չունեն: Ու որպեսզի հասարակական լայնամասշտաբ ընդվզման էլ չբախվեն, ժամանակ առ ժամանակ մարդկանց  ուշադրությունը շեղելու համար յուրօրինակ սցենարով հերթական   թամաշան  են մատուցում:

Գուցե իրավիճակը փոխվի միայն այն ժամանակ , երբ այդ թամաշաների հանդիսատես ու ծափահարող այլեւս չի լինի , եւ այս կամ այն քրեաօլիգարխիկ տարրի «սամոկատի» ընթացքին հետեւելու փոխարեն, ավելի արդյունավետ գործունեությամբ կզբաղվեն:

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close