Մեկնաբանություն

Եւ ո՞ր կողմ էին դեմքով շրջվել իշխանությունները

Վերջին տարիներին Հայաստանի գյուղատնտեսական ոլորտը հռչակվեց գերակա: Արդյունքում մեր երկրի վարչապետն ու գյուղատնտեսության նախարարը 14 տոկոսանոց աճ արձանագրեցին ոլորտում: ՈՒ դա այն ծրագրի շրջանակներում, որն անվանեցին «Կառավարությունը դեմքով շրջվում է դեպի գյուղն ու գյուղացին»: Շատերի հիշողությունը թարմացնելու համար ամփոփենք, թե ինչ պատահեց, երբ նախորդ չորս տարում կառավարությունը որոշեց դեմքով շրջվել դեպի գյուղը:
Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ հողերը լավ են մշակվել, և գյուղացին առատ բերք է ստացել, ապահովելով ոլորտի մասնագետների մատնանշած 14 տոկոսանոց աճը, ապա հարց է ծագում, այդ դեպքում գյուղատնտեսության նախարարությունը կամ կառավարությունն ի՞նչ կապ ունեն այդ ամենի հետ, ինչո՞վ են աջակցել գյուղացուն, ինչպե՞ս թեթևացրել նրա հոգսը: Այս հարցերի լիարժեք պատասխանը տալիս են այն կարճաժամկետ և ոչ գաղափարական ծրագրերը, որոնց նախաձեռնողը եղավ Հայաստանի Կառավարությունը, սակայն ոչ իրագործողը: Պատճառը թերևս այն էր, որ «բոլորը դեմքով դեպի գյուղը շրջվեցին», բացի նրանցից, ովքեր երկար ժամանակ առաջնորդվեցին ու շարունակում են առաջնորդվել այդ հորդորով: Այսպես կոչված մատչելի գյուղատնտեսական վարկերի, պարարտանյութերի և սերմացուների տրամադրման գործընթացում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրները ևս մեկ անգամ ստիպեցին գյուղացուն մտածել, որ գյուղին ու գյուղացուն աջակցելու հայտարարությունները ձևական են, ու բովանդակային մաս իրականում գոյություն չունի։ ՈՒ այս ողջ գործընթացում երկու լուսավոր կետ կար միայն՝ եղանակի բարեհաճությունը և կաթողիկոսի օրհնությունը:
Դեմքով դեպի գյուղն ու գյուղացին շրջվելու նախաձեռնությունը Սերժ Սարգսյանինն էր: Նա, այդ ծրագրի շրջանակներում, վարչապետի միջոցով գյուղացիներին սովորեցրեց կով կթելու գաղտնիքները, գյուղատնտեսության մյուս խնդիրները , ու, թերևս, դրանով հարցը լուծված համարվեց: Եվ, ըստ երևույթին, դա էր այն դեմքը, որով իշխանությունն` իր հայտարարությունների համաձայն, ավելի քան 4 տարի շրջվել է դեպի գյուղը: Ոլորտը զարգացնելու մյուս քայլերը կամ, որպես կանոն, զուտ նախաձեռնություններ մնացին, կամ էլ` հակառակ ազդեցությունն ունեցան: Անդրադառնանք դրանցից մի քանիսին: Գյուղացուն աջակցելու կառավարական առաջին քայլը եղավ հետևյալը. հայտարարվեց, թե ոլորտը զարգացնելու նպատակով գյուղաբնակներին տրամադրվում են ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ գյուղացիական վարկեր , որպեսզի դժվարին իրավիճակում հայտնված գյուղաբնակը կարճ ժամանակում ոտքի կանգնի ու դարձյալ հող մշակի: Սակայն ոլորտը քայքայումից փրկելու այդ ձեռնարկը տապալվեց, քանի որ շատերին չհաջողվեց օգտվել կառավարական այդ ծրագրից, իսկ նրանք, ովքեր վարկեր ձեռք բերեցին, մինչ օրս պարտք են բանկերին: Ոլորտի աջակցության հաջորդ քայլը սերմնաբուծության ու սերմնարտադրության ծրագիրն էր: Համաձայն որի 2010-14 թվականներին Հայաստանում հացահատիկի սերմնարտադրության ծավալներն այնքան էին մեծանալու, որ մեր երկիրը կրճատելու էր ցորենի ներկրման ծավալները:
Եթե նախորդ տարի գյուղատնտեսական ոլորտի մասնագետներն ինչ-որ չափով ոգևորված էին ծրագրի արդյունքներից, ապա նույնը չի կարելի ասել այս տարվա համար: Ստավրոպոլի երկրամասից Հայաստան ներմուծված ցորենի սերմն այս տարի ծլունակ չեղավ, և գյուղացին հացի փոխարեն խոտ հնձեց: Մեր մարզում գյուղացիական տնտեսությունների կրած վնասը նախորդ տարի հաշվարկվեց 4 միլիարդ դրամ: Այս տարի ենթադրվում է, որ նշված թիվը կկրկնապատկվի, քանի որ եթե 2011-ին խնդիրներն ավելի շատ բերքի որակի հետ էին կապված, ապա այս տարի իրավիճակն է’լ ավելի լուրջ է:
Եվ այսպես` հացահատիկի սերմնաբուծության եւ սերմնարտադրության ծրագրի առաջին փուլով գյուղացին իրեն տրամադրված սերմացուի կրկնակին վերադարձրեց կառավարությանն ու մնաց առանց եկամտի: Ծրագրի պահանջն էր այդպիսին: Իսկ գյուղացին ընդունել էր այդ պայմանը լիահույս, որ եղանակը բարեհաճ կգտնվի, հացահատիկի բերքատվությունն էլ բարձր կլինի: Սակայն նախ համայնքներում տեղացած կարկուտը զգալի վնասներ հասցրեց հացահատիկային մշակաբույսերին, հետո էլ` տեղումներն էին սպասվածից շատ: Կառավարությունը մասնակիորեն լուծեց սերմացուի հարցը: Սակայն գյուղոլորտի խնդիրներն ավելի գլոբալ են: Գյուղաբնակները բազմիցս են բարձրաձայնել, որ կա նաև ոռոգման ջրի խնդիր, շատ համայնքներում հակակարկտային կայաններ չկան եւ այլն:
Գյուղի ու գյուղացու խնդիրների մասին ոչ պարբերաբար հիշում են նաև Ազգային ժողովի պատգամավորները կամ պատգամավորության թեկնածուները` նախընտրական շրջանում: Այցելում են գյուղ, հետաքրքրվում և մտահոգվում առկա խնդիրներով, մեծ-մեծ խոստումներ տալիս և ընտրվել-չընտրվելու դեպքում ամեն բան մոռանում: Մարզխորհրդի նիստերի ժամանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ սիրում է երկար-բարակ խոսել ոլորտի հարցերի շուրջ: Չնայած որ սկզբում նույնիսկ կարծում էր, որ իր ոտքը Շիրակի մարզ խերով չէր, կարկտաբեր ամպերը չէին հեռանում:
Սակայն գյուղապետերի հետ հանդիպումների ժամանակ Աշոտ Գիզիրյանին ավելի շատ այլ հարց է հետաքրքրում, օրինակ հարկահավաքությունը: Ստիպում է, պահանջում, անգամ առաջարկում պատժել այսպես ասած անպարտաճանաչ գյուղապետերին: Ուստի դժվար է ասել` այդ տարբերակով երկրորդ տարին աշխատող մարզպետին իրականում գյուղացու խնդիրնե՞րը, թե՞ սեփական եկամուտների հավաքագրումն է հետաքրքրում:
Այս տարեսկզբից գյուղնախարարն ու վարչապետը բարձրաձայնեցին գյուղերին տրվող օժանդակության մասին` դիզվառելիքի եւ պարարտանյութի տեսքով, որ
գյուղացին դրանք գնի սուբսիդավորված գներով, շուկայականից էժան, ինչն, ըստ գյուղնախարար Սերգո Կարապետյանի, բերելու էր նրան, որ գյուղացին հող մշակի: Համայնքաբնակներից շատերը, չունենալով այլ տարբերակ, մշակեցին իրենց ցանքատարածությունները, սակայն երաշտի պատճառով բերք չհավաքեցին: Սակայն «ամենազավեշտալին» թերևս այն է, որ գյուղնախարարությունից ու կառավարությունից հայտնել են, որ տրամադրված ցորենի սերմացուի դիմաց գյուղացիները պարտավոր են կրկնակին վերադարձնել:
Փաստորեն, ոռոգման ջրի սակավությունը, եղանակային պայմաններն ու վատորակ սերմացուն գյուղացիների` լավ բերք ստանալու հույսերը չարդարացրին: Շատերն այն համոզմանն են, որ գյուղացիներին էլիտար ցորենի փոխարեն, տրամադրվել է անորակ սերմացու: Այդ պատճառով էլ մարզի որոշ համայնքների բնակիչներ պատրաստվում են դիմում-նամակ հասցեագրել կառավարության ղեկավարին ու գյուղատնտեսության նախարարին:
Գյուղացիների խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Այս տարի ոչ միայն ցորենի բերքն է սպասվածից պակաս եղել, այլ նաև անասնակերը: Հիմա շատերը ստիպված են անասնակեր գնել: Մի մասը անասունների հարկադիր մորթ է կատարելու, քանի որ, օրինակ, 10 և ավելի անասուն ունեցող տնտեսությունների համար միջինը մեկ միլիոն դրամ գումար է պահանջվում անասնակեր ձեռք բերելու համար:
Սա գյուղի և գյուղացու այսօրվա իրավիճակն է: Գյուղոլորտի մասնագետների հերթական հիմնավորումները, թե գյուղական աղքատությունը ներկայումս պայմանավորված է բացառապես բնակլիմայական պայմաններով, ոչ այնքան համոզիչ են, որքան գյուղաբնակների այն պնդումները, թե գյուղական աղքաատության պատճառներն ավելի շատ Հայաստանի տնտեսական համակարգն ու գյուղական արտադրություն տեղափոխված մենաշնորհային տնտեսությունն են:
Back to top button
Close