Մեկնաբանություն

Սաֆարովի ազատությունը հայկական կողմի անգործության հետեւանք

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովն ազատության մեջ է: Այս լուրը ցնծության մեջ է գցել հարեւան երկրին, որի նախագահը անմիջապես ներում շնոհեց հայ սպային կացնահարած Սաֆարովին: Իսկ ՀՀ նախագահը եւ համպատասխան մարմինները ուշացած քայլեր են անում դատապարտելու կատարվածը: Սերժ Սարգսյանը խիստ տոնայնությամբ եւ դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում է.« ՀՀ-ն  դա հանդուրժել չի՛ կարող, հայ ժողովուրդը դա չի ներելու»: Մինչդեռ նախ հասկանալ է պետք՝ ու՞մ է հետաքրքրում Հայաստանի կարծիքը, Հաաստանը կհանդուրժի թե՞ ոչ , կների՞ հունգարներին թե ոչ: Խնդիրն այն է, թե ինչու՞ են մի ամբողջ երկրի կարեւորագույն մի շարք գերատեսչություններ այսքան ուշացումով տեղեկանում կատարված մասին, փոխանակ նախապես աղմուկ բարձրացնեին ու թույլ չտային այն, ինչ տեղի ունեցավ: Եւ հիմա փոխանակ լուրջ գործողություններ ձեռնարկելու, Ս. Սարգսյանը  էմոցիոնալ ելույթներ է ունենում, որոնց բովանդակությունը խոշոր հաշվով որեւէ մեկին չի էլ հետաքրքրում:

Պարզ է, որ տեղի ունեցածը եկավ ապացուցելու, որ հայաստանյան իշխանություններին հետաքրքրում է ոչ թե ազգային շահը, երկրի հեղինակությունը, այլ  բացառապես սեփական իշխանության վերարտադրության մեխանիզմներ մշակելը: Եւ հիմա ամենեւին էլ պետք չէ սեփական պարտության համար մեղադրել աշխարհին , հակառակը՝ ներսում է պետք փնտրել ձախողումների իրական պատճառները: Իշխանական բուրգը հիմա բոլորովին այլ գործով է զբաղված : Ժամանակ չկա մտածել ազգային անվտանգության մասին, հիմա պետք է վերարտադրության հարց լուծել: Այս ուղղությամբ գործի են դրվել բոլոր լծակները: Դատախազությունն ու քննչական մարմինները պետք եղած դեպքում քրեկան գործեր են հարուցում, երբ անհրաժեշտ չէ դրանք  ժամանակավորապես պարտակում են դարակներում: Ազգային անվտանգության ծառայությունը, որի պարտականությունն էր առնվազն տեղյակ լինել ,թ ե ինչ է կատարվում , թե ինչպե՞ս ստացվեց, որ Սաֆարովը հայտնվեց Արբեջանում, պարզապես ժամանակ չունի նման լրջագույն հարցերով զբաղվել:  Եթե ոչ Գորիկ Հակոբյանը, էլ ուրիշ ո՞վ պետք է այս կամ այն կառույցի ներսում ֆինանսական չարաշահումներ հայտնաբերի, քաղաքական հետապնդումներ իրականացնի, սրան-նրան հրավիրի  ԱԱԾ,որպեսզի ամեն գնով ցուցմունքներ կորզի եւ այլն :

Այն որ ազերի մարդասպանը դրսում է, դա մեր երկրի վրիպումն է, արտաքին քաղաքականության  ձախողումը: Դա ցույց տվեց այն լճացած վիճակը, որը առկա է եւ որի առողջացման ուղղությամբ գործնական քայլեր անելը արդեն օրհասական խնդիր է:

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close