Մեկնաբանություն

Իշխանությունը խայտառակում է Հայաստանը

Հունգարիայից Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան  ի ցույց դրեց մեր պետական համակարգի, ավելի շուտ բարձրաստիճան մի շարք չինովնիկների ապաշնորհությունն ու պետական շահը սպասերկելու անընդունակությունը: Սաֆարովի էքստրադիցիային հաջորդած որոշ պատասխանոտու գերատեսչությունների գործողությունները մեղմ ասած ադեկվատ չէին ստեղծված իրավիճակին: Այս համատքստում իր ապաշնորհությամբ հատկապես աչքի ընկավ հայրենի արտգործնախարարությունը՝ իր ղեկավարով հանդերձ:

Մամուլում Սաֆարովի էքստարդիցիայի մասին տեղեկատվության տարածումից հետո, գրեթե բոլորը կատարվածի համար մեղադրում էին արտգործնախարարությանը՝ անգործության ու ապաշնորհության համար: Սակայն արտաքին գերատեսչությունը հարկ համարեց հայտարարությամբ հանդես գալ ընդամենը դեպքի հաջորդ օրը, իսկ ամենատարօրինակն ու ողբերգականն այն է, որ երբ նույն օրը Սերժ Սարգսյանը հրավիրում է ՀՀ  Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ ու նախագահական նստավայր է հրավիրում ՄԱԿ-ի անդամ պետությունների դեսպաններին, այդ նույն օրը ԱԳ նախարար, Անվտանգության խորհրդի անդամ Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում մասնակցում է Չմիացած երկրների շարժման 16-րդ գագաթաժողովին եւ իր  ելույթում, որը նվիրված էր Ղարաբաղյան հակամարտությանը, ոչ մի խոսք չի ասում Սաֆարովի գործի հետ կապված: Այս երկու փաստերը մի շարք ենթադրությունների տեղիք են տալիս: Նախ այն, որ ԱԳՆ Սաֆարովի էքստրադիցիային արձագանքում է մեկ օր ուշացումով, ենթադրում է, որ այս կառույցը պարզապես անակնկալի է եկել այդ լուրից եւ ընկել շփոթության մեջ: Ուստի նախարար Նալբանդյանին մեկ օր է պահանջվել մտքերը հավաքելու ու ինչ որ անբովանդակ հայտարարությամբ հանդես գալու համար: Իսկ Թեհրանում Սաֆարովի խնդրին չանդրադառնալը ամենյան հավանակոնթյամբ կրկին նույն հանգամանքով է պայմանավորված: Նալբանդյանը չի կողմնորոշվել,  թե ինչ ասի կամ գուցե Բաղրամյան 26-ից չեն հասցրել ժամանակին հուշել ասելիքի մասին:

Կարող է քննարկվել նաեւ այն վարկածը, որ Նալբանդյանը այդ պահին պարզապես տեղեկացված չի եղել  դեպքի մասին: Այստեղ է, որ ի ցույց է դրվում Սերժ Սարգսյանի իշխանության ապաշնորհ բովանդակությունը:  Շատ լուրջ կասկածներ կան, որ մեր իշխանությունները դեպքի մասին իմացել են Սաֆարովի էքստրադիցիայի գործընթացի ավարտից հետո միայն կամ ավելի վաղ իմանալով՝ հանցավոր անուշադրություն են ցուցաբերել:

Էքստրադիցիայից  ուղիղ մեկ շաբաթ առաջ հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ , որով կոչ էին անում Հունագարիայի իշխանություններին ոչ մի դեպքում Սաֆարովին չհանձնել Ադրբեջանին: Այսինքն, գործնականում մեր ԱԳՆ-ն ու ԱԱԾ-ն պետք է այդ մասին տեղյակ լինեին դեռ մեկ շաբաթ առաջ, եթե ոչ ավելի վաղ: Սակայն իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ նրանք անթույլատրելի անգործություն ու անփութություն են դրսեւորել: Այն, որ որպես արդարացում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ  տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո եւ այս ամբողջ ժամանակահատվածում ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկել պաշտոնական եւ այլ մակարդակներով այն ճշտելու համար` հանդիպումներ անցկացնելով ամենատարբեր մակարդակներում, իսկ հանդիպումների արդյունքում եւ մինչեւ վերջին պահը հայկական կողմը հավաստիացումներ է ստացել այն մասին, որ Ռամիլ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել Հունգարիայում, պարզապես անարժանահավատ են: Շատ դժավար է հավատալ ԱԳՆ բարձարաստիճան պաշտոնյաների այս մանկական արադարացումներին. նախ   որեւէ փաստաթուղթ չի ներկայացվում, որտեղ ամրագրված կլինեն հունգարական կողմի հավաստիացումները: Բացի այդ, արդեն իսկ հրապարակվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության՝ Հունգարիայի արդարադատության նախարարությանն  ուղղված նամակը, որտեղ ադրբեջանական կողմը հավաստիացնում է, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում չի շնորհվելու: Այդ նամակը թվագրված է օգոստոսի 15-ին, այսինքն Սաֆարովին ադրբեջանական կողմին հանձնելուց առնվազն 15 օր առաջ հունագարական կողմը պարզապես չէր կարող պաշտոնական հավաստիացումներ տալ, որ Սաֆարովին չեն հանձնելու, քանի որ արդեն գործարքը կայացած է եղել:  Առավել հավանական է, որ պատասխանատու պաշտոնյանները ընդհանրապես չեն էլ հետաքրքրվել Սաֆարովի գործով եւ ամենավերջին պահին կանգնել են փաստի առաջ: Սերժ Սարգսյանի վերարտադրությունը ապահովելուց ազատ ժամերին պետք է, որ ԱԱԾ-ն գործեր, որի համար հաստատ դժարություն չէր ներկայացնի Հունգարիայի հայկական համայնքի միջոցով օպերատիվ տեղեկատվություն ստանալ եւ այդ մասին հայտներ պետական համապատասխան օղակներին:

Սակայն Հայաստանի դիվանագիտական խայտառակ պարտության առաջին պատասխանատվությունը ընկնում է ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի վրա: Վերջինիս ջանքերով ստեղծվել է այնպիսի մի իշխանական համակարգ, որտեղ բոլոր հարցերը լուծվում են նախագահական նստավայրում: Գրեթե ոչ մի պաշտոնյա առանց հապատասխան հրահանգի իրավունք չունի ինքնագործունեությամբ զբաղվել, նույնիսկ եթե դա տեղավորվում է իր պաշտոնական պարտականությունների կատարման շրջանակներում: Հետեւաբար, Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա այս խայտառակության համար: Դեսպաններին հաթաթա տալուց առաջ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո  չվաստակած հանգստի պետք է ուղարկվեին  մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Իսկ դրա փոխարեն Սերժ Ազատիչը հատուկ հանձարարություններ է տալիս ԱԱԾ պետ Գորիկ Գուրգենիչին: Սերժ Սարգսյանը բացատրություն կամ պատասխանատվություն չի պահանջում Հայաստանի Հանրապետությունը խայտառակած ապաշնորհ պաշտոնյաներից: Ավելին, Սաֆարովի գործի հետ կապած ՀՀ Ազգային անվտանգության նիստ պետք է գումարվել շատ ավելի շուտ Ադրբեջանի քայլերը հակակշռելու նպատակով: Դեռ անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանի արդարադատության նախարար Վիլայաթ Զահիրովը Հունագրիայից վերադառանալուց հետո հայտարարել էր, որ մտածում  է, որ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան իրատեսական եւ հուսով է, որ Սաֆարովը իր ծննդյան օրը կնշի Ադրբեջանում: Ցավալիորեն հենց այդպես էլ եղավ:

 Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close