Մեկնաբանություն

Անօգնական ոստիկաններ

Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի, Շիրակի ոստիկանության մարզային կառույցի ղեկավար Կարեն Բաբակեխյանի արձագանքը Գյումրիի տարբեր թաղամասերում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, շատ ուշագրավ է, ավելի շուտ՝ զավեշտալի: Լրագրողն անձամբ մարզի դատախազին մատնանշում է ընտրակաշառք բաժանելու կոնկրետ վայրը, մեքենայի մակնիշն ու համարանիշը,իսկ դատախազը այն ոչ թե ընդունում է ի գիտություն, այլ հորդորում է զանգել հերթապահ մաս ու հայտարարություն տալ: Կարեն Բաբակեխյանն իր հերթին անկեղծանում է՝ նշելով. <Որ ձեզ են զանգահարում,մենք որտեղի՞ց տեղյակ լինենք>: Պարզ ասած՝ իրավապահները այս կերպ ցույց են տալիս իրենց հնարավորությունների կամ ցանկությունների սահմանափակության աստիճանը: Դատախազի եւ ոստիկանապետի մակարդակով ի ցույց է դրվում, որ իրավապահ համակարգը մեր երկրում ի զորու չէ առանց իշխանական կոնկրետ հրահանգների ու հանձնարարականների գործի անցնել: Տարիների ընթացքում այս համակարգը լճացել է, այն աստիճան, որ այլեւս համակարգի թերությունները պարտակել հնարավոր չէ: Դատախազությունը,ոստիկանությունն ու քննչական մարմինները տարիներ շարունակ իշխանական պատվերներ են կատարել՝ խիստ անհրաժեշտության դեպքում հարուցել են քրեական գործեր, երբ հարկավոր է եղել աղմկել՝ աղմկել են: Այն խնդիրը, որ այսօր  ՀՀ քաղաքացին չի վստահում իրավապահին, խորքային է, հետեւաբար զարմանալի է ոստիկանների զարմանքը, թե ինչու՞ իրենք ահազանգեր չեն ստանում, ասենք ընտրակաշառքների փաստով:

Իրավապահ համակարգը  իշխանության վերարտադրության կարեւորագույն գործիքներից մեկն է: Այդ գործիքը օգտագործվել է ամեն համար առիթի:Անհրաժեշտության դեպքում գալիս-գնում են նաեւ հատուկ ջոկատայիններն ու երեւանյան հաստաբազուկ ոստիկանները:Իսկ կեղծողն անարգել իր գործն է անում: Այսքանից հետո անհասկանալի է կարգուկանոնի մեր պահապանների մտահոգությունը, թե քաղաքացին չի վստահում իրենց:

Դեռեւս օրեր առաջ իրավապահները հայտարարեցին, որ ՏԻՄ ընտրությունները վերահսկելու նպատակով  լրացուցիչ ուժեր են բերելու,որ աշխատելու են ծանրաբեռնված գրաֆիկով եւ այլն: Փորձը ցույց է տալիս, որ հիմա օգնության կարիք ավելի շատ ունեն իրենք՝ իրավապահ  համակարգի աշխատակիցները: Իրավապահ համակարգը անօգնականի բարդույթներիի տակ է կքված, իսկ այդ կարգավիճակում հզոր, հաստատակամ իրավապահի կերպար ստեղծելու ջանքերն ապարդյուն են:  Սրանով է բացատրվում նաեւ ակցիաների, հանրահավաքների ժամանակ ոստիկանների հանդեպ քաղաքացիների դրսեւորած վերաբերմունքը եւ վերջիններիս նկատմամբ նույն այդ ոստիկանների ագրեսիվ պահվածքը: Ագրեսիան, որ բխում է անճարակությունից, մի տեղ պարպել է պետք…

 Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close