Մեկնաբանություն

Վարդան Ղուկասյանի «Դոմինգոյի» երգը երգված է

«Հանրապետակա՛ն կուսակցություն, քո ջանին ղուրբան»,- գոռում էր Ղուկասյանը Աճեմյանի անվան թատրոնի դիմաց՝տարիներ առաջ, երբ հարկավոր էր իշխանական սահուն վերարտադրությունը  կազմակերպել: Հաջողվեց,  երկու կողմն էլ գոհ էին եւ բավարարված: Ահա այսպես, ինչպես Վարդան Ղուկասյանը , այնպես էլ իշխանական բուրգի մյուս սպասարկուները տարիներ շարունակ եւ անմնացորդ  ծառայում են  օրվա իշխանություններին, բայց մեկ սխալ քայլ, որը կարող է սասանել առանց այն էլ խարխուլ բուրգի ճահճացած հիմքերը, եւ նույն ռեժիմը պատրաստ է հոշոտել  սայթաքողին, հենց բնում խեղդել ցանկացած ընդվզում, որ նախադեպը չդառնա վարակիչ եւ շղթայի մյուս մասնիկները տեսնեն ու հասկանան ՝ռեժիմը բարի է այն ժամանակ, երբ իրեն տրվում են անմնացորդ: Մեր երկրում տեղի ունեցող զարգացումների եւ շատ հարցերի պատասխաններ իրենց տրամաբանական հանգուցալուծումն են գտնում վերոհիշյալ «բանաձեւի»  մեջ:

Նման օրինակներ  շատ կան: Նշենք դրանցից մեկը.  2010թ. դեկտեմբերի 3: Պլասիդո Դոմինգոյի համերգը ճակատագրական եղավ  այդ ժամանակ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համար: Հայտնի իրադարձությունները թերեւս կհիշեն բոլորը, երբ դահլիճի տեղի համար ծագած վիճաբանությունը հանգեցրել էր նրան, որ Գագիկ Բեգլարյանը ձեռք էր բարձրացրել նախագահականի արարողակարգային բաժնի պատասխանատու Արամ Կանդայանի վրա: Գագիկ Բեգլարյանը հեռացվեց պաշտոնից այն բանի համար, որ ռեժիմի մի մասնիկի, ավելի կոնկրետ` նախագահականի մարդու վրա համարձակվել էր ձեռք բարձրացնել: Թեև ժամանակավոր , բայց նրան հեռացրեցին եւ շատ արագ: Գյումրիում տեղի ունեցած սցենարը մոտավորապես նույնն էր՝ հարկավոր է միայն անունները փոխել: Ինչու՞ իշխանությունները որոշեցին Վարդան Ղուկասյանին փոխարինող գտնել…   Մայիսվեցյան ընտրություններին իր թեկնածությունը առաջադրեց Սերժ Սարգսանի փեսա  Միքայել Մինասյանի մտերմը՝ Արման Սահակյանը: Ի դեպ երկու դեպքում գլխավոր գործող անձը Սարգսյանի փեսան է: Կանդայանը եւս նրա մտերիմն էր, ում վրա ձեռք էր բարձրացրել Երեւանի նախկին քաղաքապետը:
Արման Սահակյանի մրցակիցը Գյումրիում ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն էր: Հասկանալի է, որ Վարդան Ղուկասյանի առաջ, ով մշտապես հայտարարել ,է որ հայրաքաղաքում դրության տերն ինքն է, որ ինքն է որոշում` ում դարձնել մանդատատեր, ում` ոչ, խնդիր էր դրված ամեն գնով ապահովել Արման Սահակյանի հաղթանակը Գյումրիում: Սա լուրջ  եւ դժվար առաջադրանք էր Ղուկասյանի համար , նախ որովհետեւ Ղուկասյանի ստեղծած ամենակարողի կերպարը միֆ էր: Եվ հետո` նրա ողջ իմիջը կառուցված էր հետեւյալ «գաղափարախոսության»  վրա, որ իբր գյումրեցիներին պաշտպանել է պետք երեւանցիներից , կամ որ երեւանցին չի ուզում գյումրեցու լավը եւ այլն: Պաշտպանել երեւանցի Արման Սահակյանին կնշանակեր տարիների PR-ը ոտնատակ տալ:

Քաղաքապետը  բավարար ջանքեր չգործադրեց, ավելին` մի քանի ելույթների միջոցով հակառակ արդյունքը արձանագրեց: Արման Սահակյանի պարտությունը Վարդան Ղուկասյանի կարապի երգի սկիզբն էր: Միքայել Մինասյանի թեկնածուի պարտությանը գումարվեց նաեւ ՀՀԿ պարտությունը Գյումրիում : Այս ամենը ռեժիմը հենց այնպես կուլ չէր տա: Խորհրդարանական ընտրություններից հետո  իշխանություններն իրենց ողջ ռեսուրսով լծվեցին  Ղուկասյանին «վարկաբեկելու»,  իսկ վերջնարդյունքում` նրան հեռացնելու գործին : Ղուկասյանի վրա առաջին քար նետողը դարձավ ռեժիմի  համեմատաբար համարձակ ներկայացուցիչներից մեկը`  մարզպետ Գիզիրյանը: Նա էր, ով առաջինը բաց տեքստով հայտարարեց, որ մեղավորը ՀՀԿ ՇՄ պատասխանատուն է:  Մյուս կողմից Գիզիրյանն այլ ելք չուներ,որովհետև ՀՀԿ պարտությունը տրամաբանորեն իշխանությունները կարող էին բարդել նաեւ իր վրա: Գիզիրյանը շահող դուրս եկավ միայն նրանով, որ  Շիրակի մարզում ՀՀԿ-ն հաղթել էր, իսկ ահա Գյումրիում պարտվել:  Հետո քար վերցնողների թիվն ավելացավ՝ ի դեմս մյուս հանրապետականների, օրինակ՝ Սուքիաս Ավետիսյանի:

Հայտնի «Մաֆիա» խաղի կանոներով՝ իշխանությունները սկսեցին հետեւել  Ղուկասյանին: Նա հայտնվեց բոլորի թիրախում: Շերիֆի պարտականությունները ստանձնել էր Սերժ Սարգսյանի փեսան. երիտասարդն իր ողջ ինտելեկտուալ ռեսուրսի  գործադրմամբ  կարողացավ    կարճ ժամանակ անց խաղից դուրս թողնել սայթաքած Վարդան Ղուկասյանին:

Արմենուհի Վարդանյան

                                                                                                                                                                                                                                                                                                           Շարունակելի…

Back to top button
Close