Մշակույթ/Պատմություն

Ֆրունզիկից ամեն մեկս մի մասնիկ ունենք մեր սրտում

Նրան սիրում էին միլիոնները, սակայն նրան պետք էր միայն մեկի սերը, որն այնպես էլ նա չկարողացավ գտնել իր կյանքում. շնչահեղձ անելու չափ դաժան է այս ճշմարտությունը, որ հնչում է նրա կենսագրական ֆիլմերից մեկում… Նրա, ով երջանկագույնն էր մարդկանց մեջ իր հանճարի մեծությամբ, անհատի մոգական գրավչությամբ, մարդկային կերպարի անմոռանալի ազդեցությամբ, բայց նա նաև ամենադժբախտն էր մարդկանց մեջ և ամենամիայնակը, ով այնքան ցավ ու թախիծ էր կրում իր սրտում, բայց  եթե անգամ ցավն այդ երբևէ զգաց հանդիսատեսը, ապա միայն նրա մարմնավորած այն հանճարեղ կերպարներում, որոնց ակնդրելիս, զգալիս մարդը մաքրվում է` դառնալով ավելի վեհ, ավելի մարդկային:

Մհեր Մկրտչյան. նրա մասին նոր բան ասելն այնքան դժվար է, որքան դժվար է մարդու մասին նոր հայտնագործություն անելը, այո´, մարդու` բառի ընդհանրական իմաստով, քանի որ Մհերն իր մեջ կրում էր մարդ էակին ամբողջությամբ, մարդու անցած ճանապարհը, զգացմունքների բոլոր նրբերանգները, և որ ամենակարևորն է` նա կարողանում էր այդ ամենը փոխանցել միլիոններին` աչքերով, հայացքով, ժեստերով, խոսքի զարմանալի ճկունությամբ, մտքի կայծակնային արագությամբ:  Նա չէր կերտում ոչ մի պատահական կերպար, նրա` քանդակ հիշեցնող դիմագծերը կարծես մխրճվում են մարդու հիշողության մեջ` թողնելով լուսավոր թախծի կամ ժպիտի փոքրիկ մի ամպ, որն այդուհետ սկսում է բնակվել քո մեջ` դառնալով քո մի անբաժան մասնիկը: Մի՞գուցե հենց այստեղ պետք է փնտրել նրա հանճարի բանալին և այն հարցի պատասխանը, թե ինչպես կարող է մեկ մարդը սիրելի լինել բոլորի համար անխտիր:

Այսօր`  հուլիսի 4-ին, նա կդառնար 83 տարեկան…Հայ կինոյի և թատրոնի դյուցազնական Փոքր Մհերն, ով անջնջելի հետք թողեց արվեստի պատմության մեջ` իր տաղանդի հզորությամբ «մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասելով»…

 

Մարինե Ալեքսանյան

Ավելին
Back to top button
Close