Միջազգային

Ռուս-վրացական սահմանին սողանքի տակ նվազագույնը 5 մեքենա է հայտնվել, տուժածների շարքում ՀՀ քաղաքացիների մասին դեռևս տեղեկություններ չկան

Դարիալի կիրճում գրանցված սողանքի հետևանքով անհետ կորած են համարվում նվազագույնը 5 մարդ: Այս մասին տեղեկացնում է վրացական “IPN” գործակալությունը` մեջբերելով աղետի գոտի ժամանած Վրաստանի նախագահին:

Ինչպես պարզաբանել է Գեորգի Մարգվելաշվիլին, սողանքի տակ է հայտնվել նվազագույնը 5 մեքենա:

«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն` սողանքի տակ է հայտնվել 4-5 մեքենա, հետևաբար 4-5 վարորդ, չհաշված հնարավոր ուղևորները, համարվում են կորած»,- նշել է Գեորգի Մարգվելաշվիլին, փոխանցում է apsy.ge-ն:

Սրա հետ մեկտեղ, Վրաստանի նախագահը նշել է, որ չափազանց կարևոր է ոչ մեկին զոհված չանվանել, քանի դեռ մարդը կորած է համարվում:

«Քանի դեռ մարդը չի գտնվել, նրան զոհված անվանել չի կարելի, չափազանց կարևոր է ոչ մեկի զոհված չանվանել: Նրանք կորել են, և մենք պետք է մինչև վերջ հուսանք, որ կգտնենք նրանց»,- նշել է նախագահը:

Հավելենք, որ կիրճը գտնվում է Թերեք գետի հովտում, որտեղով անցնում է Վրաստանի ռազմական ճանապարհը, որը Ռուսաստանը միացնում է Անդրկովկասի երկրների հետ: Սահմանի ռուսական կողմում շուրջ 70 տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որոնց մեծ մասը, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Վրաստանի տարածքով Հայաստան ու Ադրբեջան ուղևորվող մեքենաներ են: Թե արդյոք սողանքի տակ հայտնված մեքենաներում կան ՀՀ քաղաքացիներ, դեռևս հայտնի չէ:

Back to top button