Մեկնաբանություն

Ռուսական «սապոգի» եւ Եվրոպայի արանքում

Միխայիլ Լեոնտեւը, ով համարվում է մերձկրեմլյան վերլուծաբան, իր բլոգում կոպիտ որակումներով անդրադարձել է Հայաստանին: Լեոնտեւը մասնավորապես նշել է. «Իրականում Հայաստանը կարող էր դառնալ չկայացած պետության իդեալական օրինակ, եթե չլիներ Ռուսաստանը: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը պարզապես չէր լինի քարտեզի վրա»: Շարունակելով իր դիտարկումները, Միխայիլ Լեոնտեւը ընդգծում է, որ Հայաստանն ամբողջական կախվածություն ունի ռուսական գազից եւ տրանսֆերտներից, դրանց գումարվում է նաեւ ռուսական ուժային (ռազմական) հովանոցը Հայաստանի վրա: Մերձկրեմլյան վերլուծաբանը հոդվածն ավարտում է այն եզրահանգմամբ, որ Եվրասիական ինտեգրացիային Հայաստանն այլընտրանք չունի, քանի որ այն, աշխարհաքաղաքական առումով, անխուսափելի է, ինչպես տարվա եղանակները:

Ավելորդ է խոսել այն մասին, որ Վլադիմիր Պուտինի խոսափող համարվող Լեոնտեւի այս գնահատականները պատահականություն չեն: Ավելին, կարելի է պնդել, որ պաշտոնական Մոսկվան Լեոնտեւի միջոցով պարզապես շանտաժի է ենթարկում Հայաստանին, նրա միջոցով ասելով այն, ինչ անհարմար կլիներ հնչեցնել պաշտոնական հայտարարությամբ:

Խնդիրը շատ պարզ է. ռուսական կողմը փորձում է ամեն ինչ անել, որ Հայաստանն իր մասնակցությունը ցուցաբերի Եվրազեսին եւ Մաքսային միությանը: Այս երկու նախագծերն էլ ծնվել, մշակվել են Կրեմլում եւ, ըստ էության, կոչված են սպասարկելու Ռուսաստանի կայսերապաշտական եւ աշխարհաքաղաքական ռազմավարական շահերը Եվրասիական տարածաշրջանում: Պուտինյան վարչակարգը «նեոսովետական» այս երկու նախագծերը ծառայեցնում է անդամակցող պետություններին Ռուսաստանից խորհրդային շրջանին բնորոշ կախվածության մեջ գցելու համար:

Իսկ Հայաստանում իշխող վարչակարգը միանշանակ վերաբերմունք չունի Եվրասիական միության նկատմամբ: Ավելին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սույն տարվա հուլիս ամսին «Վեդոմոստի» ռուսական լրատվական գործակալությունում տպագրեց «Հայաստանը նայում է Եվրոպային» վերնագրով հոդված, որտեղ նա նշել էր, որ Մաքսային միություն մուտք գործելն, աշխարհաքաղաքական պատճառներով, Հայաստանի համար բովանդակային չէ:

Մի քանի օր առաջ Հայաստանում էին հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Իգոր Լևիտինը: Բնականաբար, հայկական կողմի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Եվրազեսին եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդիրը: Այս առումով հրապարակային որեւէ հայտարարություն չի եղել, սակայն Իգոր Լեւիտինի Մոսկվա վերադառնալուց հետո, Վլադիմիր Պուտինի ոչ պաշտոնական «խոսնակ» Միխայիլ Լեոնտեւը Հայաստանի հետ սկսում է խոսել շանտաժի լեզվով: Այստեղից կարելի է ենթադրել, որ հայկական կողմը ռուսներին, Եվրազեսի եւ Մաքսային միության առումով, ոչ դուրեկան պատասխան է տվել:

Մյուս կողմից էլ ՀՀ իշխանություններն իրենց հերթին բավականին անբովանդակ հայացք են նետում Եվրոպային: Ինտեգրացիոն ռուսական ուղղությունը մերժելու դեպքում պետք է պատրաստ լինել Եվրոպական ինտեգրացիոն ճանապարհին: Եվրոպան, ռուսական ավտորիտար տիպի պետական, քաղաքական եւ տնտեսական համակարգով, հազիվ թե գրկաբաց ընդունի Հայաստանին՝ անգամ Եվրոպային խիստ թախանձագին խնդրելու դեպքում: Տնտեսությունը եւ պետական համակարգը արեւմտյան չափանիշներին համապատասխանեցնելու համար բավարար չէ Եվրոպայից գումար խնդրել եւ հակադարձել ռուսական կայսերապաշտական նկրտումներին: Հայաստանին անհրաժեշտ են բովանդակային եւ ֆունդամենտալ համակարգային փոփոխություններ, ինչը գործող իշխանությունների մոտ արդեն մի քանի տարի է, չի ստացվում:

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close