Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

«Տոնուս» շինկազմակերպությունից տուժած բնակիչները սպառնում են՝ եթե իրենց բնակարանային խնդիրը կարճ ժամկետում լուծում չստանա, իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի: Բնակիչներն հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց՝ պահանջով, որպեսզի իրենց ընդունի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինիս փոխարեն սակայն կառավարության շենքից դուրս է եկել կառույցի դիմում- բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա առաջարկել է ցուցարարներին դիմում- նամակ կազմել եւ համառոտ ներկայացնել խնդիրը, որպեսզի այն փոխանցի Հովիկ Աբրահամյանին: Շինկազմակերպության գործունեությունից տուժած բնակիչները սակայն նշել են, որ խոստումների այլեւս չեն հավատում, քանի որ տասը տարի շարունակ պայքարում են իրենց բնակարանային իրավունքների վերականգնման համար, մինդեռ պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Բնակիչների համար կառուցված շենքը ներկայումս գտնվում է գրավի տակ Արցախ բանկում, իսկ «Տոնուս» ընկերությունը սնանկ է ճանաչվել: