«Նիվա»` սոցիալիզմի անխոնջ նժույգը

Խորհրդային Միության ճանապարհների վիճակն ուղղակիորեն պարտադրում էր ունենալ համապատասխան ամենագնաց: Այնպիսի մոդելներն, ինչպիսիք էին ГАЗ 69-ը կամ М 72-ը, 70-ականներին արդեն հնացած էին, իսկ նրանց իրավահաջորդ УАЗ 469-ն ավելի շատ բանակային ավտոմեքենա էր: Եվ սոցիալիստական հասարակության համար ի հայտ եկավ ժամանակակից մեքենա` ВАЗ-2121 կամ «Նիվա»:
«Նիվա»-ն Տոլյատտիի գործարանի առաջին մեքենան էր, որն արտադրվում էր առանց Fiat-ի լիցենզիայի: Չնայած հայտնի «Ժիգուլի»-ի մասերի մի ամբողջ շարք Fiat 124-ից էին, այնուամենայնիվ խորհրդային ինժեներները չէին ծուլացել և նորովի էին ստեղծել կարևոր մասերը: Նոր էր նաև երեք դռնանի մեքենայի դիզայնը:
Երբ 1977 թվականին «Նիվա»-ն առաջին անգամ դուրս եկավ փողոց, այն աշխատում էր 1,6 լիտր ծավալով, բենզինային շարժիչով, որի հզորությունը 72 ձիաուժ էր: Մեքենաների առաջին շարքն ուներ 4 աստիճանի մեխանիկական փոխանցումատուփ, իսկ հետագայում դրանք դարձան 5 աստիճանի: ВАЗ-2121-ը զարգացնում էր 130կմ/ժ արագություն և սպառում 8,3 լիտր բենզին`100 կմ ճանապարհի համար:
«Նիվա»-ն իրեն լավ էր դրսևորում բարդ տեղանքներում, նույնիսկ հաղթահարում էր մինչև 80 սանտիմետր խորության փոսերը: Անբարենպաստ պայմաններում վարելիս օգնում էր բոլոր անիվների մշտական քարշակը: Այս հատկանիշների շնորհիվ մեքենան մեծ համբավ ու արտահանման ներուժ ձեռք բերեց: Այսպիսով` «Լադա Նիվան» սկսեց հայտնվել արևմտյան շուկաներում, նաև այլ մայրցամաքներում: Տարբեր շուկաներում մեքենան տարբեր անվանումներով էր հանդես գալիս, օրինակ` Տայգա, Սպորտ և այլն: 2009 թվականից արտահանվող բոլոր մոդելները կոչվեցին Lada 4×4:
«Նիվա»-ն ենթարկվել է մի շարք մասնակի նորարարությունների: Նա ստացել է ավելի հզոր, բենզինային, 1,7 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ General Motors-ից: Հզորությունը հասցվել է 83 ձիաուժի, իսկ առավելագույն արագությունն աճել է 7 կմ ժամով: Մեքենան 100 կմ-ին ծախսում է միջինը 9,5 լիտր բենզին:
36 տարի անց էլ «Նիվա»-ն շարունակում է մնալ նույն մեքենան, որը գրեթե չի զիջում այլ ամենագնացների, ինչպիսիք են Land Rover Defender-ը և Mercedes-Benz G Class-ը: Այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում գնային առումով ևս, քանի որ ավելի էժան է:
Տիգրան Գասաբյան
Աղբյուրը՝ inosmi.ru