Նորություններ

«Ես ոչ մեկին չեմ լքել, ինչու՞ պետք է լքեմ: Ես իմ աշխատանքն եմ շարունակում». Ա.Երիցյան

Օրինաց Երկիր կուսակցության կոալիցիայի մաս չկազմելու որոշումից անմիջապես հետո, ՕԵԿ-ական երեք նախարարներ, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրեցին՝ հույս ունենալով, որ կշարունակեն պաշտոնավարել նոր կառավարությունում:

Նրանցից առայժմ միայն Արմեն Երիցյանն է վերանշանակվել: ՕԵԿ-ը լքած Սամվել Թադեւոսյանին փոխարինեց Երեւանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, իսկ Սերգո Կարապետյանի «ճակատագիրը» դեռեւս անհայտ է: Ինչո՞ւ ՕԵԿ-ականները հապշտապ լքեցին իրենց առաջնորդին՝ Արթուր Բաղդասարյանին:

 ԳԱԼԱի լրագրողի հետ զրույցում նախկին ՕԵԿ-ական, վերանշանակված նախարար Արմեն Երիցյանն ասաց. «Ես ոչ մեկին չեմ լքել, ինչու՞ պետք է լքեմ: Ես իմ աշխատանքն եմ շարունակում եւ մենք խոսել ենք այդ մասին, ես բոլորին էլ բացատրել եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշում կայացնի՝ որտեղ աշխատի, ինչ աշխատի, աշխատի կուսակցությունում, թե՞ չշարունակի… այդքան բան»:

Նախարարը հայտարարեց, որ ՕԵԿ-ում մնալն իր համար նպատակահարմար չէր:

Հաջորդ հարցին, թե որեւէ այլ կուսակցության անդամակցելու մասին մտածու՞մ է, Արմեն Երիցյանը արձագանքեց. «Դեռ ես չգիտեմ»:

Եթե Սերժ Սարգսյանն առաջարկի անդամակցել ՀՀԿ-ին, կընդունե՞ք, թե՝ ոչ հարցին արտակարգ իրավիճակների նախարարը պատասխանեց, թե եթե-ներով հարցերին չի պատասխանում եւ եթե-ով չի խոսում:

Back to top button