Հայաստան՝ բե՞ռ, թե՞ գործընկեր

Ապրիլի վերջին Հայաստանը կմտնի Մաքսային Միություն: Ապրիլի 29-ին Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գերագույն հանդիպմանը կմեկնի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Մաքսային Միությանն անդամակցության պայմանագիրն ակնկալվում է, որ կստորագրվի Մինսկի ֆորումի շրջանակներում` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի նախագահների կողմից,- գրում է rosbalt-ը:
Վերջինիս կառավարությունը պնդում է, որ երկիրը կատարել է Մաքսային Միությանը միանալու, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» գրեթե բոլոր կետերը:
Հիշեցնենք, որ փաստացի Ռուսաստանին ավելի սերտ կապվելու հողի վրա միջին ծանրության սկանդալ բռնկվեց: Եվրոպան մեղադրեց Մոսկվային՝ շանտաժի ու Հայաստանին Մաքսային Միությանը միանալու պարտադրանքի մեջ: Հանրապետությունը հակաեվրասիական բողոքի ալիքով ծածկվեց, բայց գործը «եվրամայդանին» չհասավ. հայերին «պայթուցիկը» չբավականացրեց:
Ընդհանուր առմամբ, ըստ ՌԻԱ Նովոստիի, սոցիոլոգիական հետազոտությունից, որն իրականացրել է «Կովկասյան կենտրոնի հետազոտական ռեսուրսների» հայաստանյան մասնաճյուղը, պարզվել է, որ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը կողմ են հարցվածների 55%-ը: Այնուամենայնիվ, հայերի թվաքանակը, ովքեր տեսնում են իրենց ապագան Եվրոպական Միությունում, եւս փոքր չէ` 41%:
Այսինքն, Հայաստանի ձգտումը դեպի Եվրոպա զբաղեցնում է միջանկյալ դիրք` հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ. Վրաստանում եվրաինտեգրման կողմնակիցները 65% են, իսկ Ադրբեջանում` 34%: Բացի այդ, Հայաստանի յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ցանկանում է, որ իր երկիրը մտնի ՆԱՏՕ:
Հայաստանի կառավարությունը այժմ փորձում է բանավոր «փաղաքշել» Արեւմուտքին եւ Եվրամիությանը: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը, եւ համագործակցությունը Երեւանի եւ նրա միջեւ «հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքների համակարգի վրա»:
Հայաստանի նախագահը չի մանրամասնում, թե ինչպես է նա կարողանալու պահպանել արտաքին քաղաքականություն եւ տնտեսական բազմավեկտորություն այն պայմաններում, երբ ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելն ընդհանրապես չեն ճանաչում եվրասիական եւ եվրոպական ինտեգրման զուգահեռականությունը, իսկ ուկրաինական իրադարձություններից հետո՝ մասնավորապես:
Մի խոսքով, ոմանց համար Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը չափազանց անհանգստացնող է, մինչդեռ ուրիշների համար ընդհակառակը` հաճելի: Եվրասիական ինտեգրման ընդդիմախոսները կարծում են, որ դա երկիրը վերջնականապես քաղաքական ու տնտեսական տեսանկյունից կախյալ կդարձնի Ռուսաստանից:
Նրանք նաեւ շեշտում են, որ առանց այն էլ հանրապետության ոչ փայլուն բիզնես միջավայրը կթառամի` պայմանավորված գնաճով, մաքսային եւ հարկային դրույքաչափերով, Մաքսային Միության տարածքում բիզնեսի լիցենզավորման դժվարությունների հետ:
Ինչ վերաբերում է Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության կողմնակիցներին, նրանք հիշեցնում են, որ նախքան «ճանապարհային քարտեզի» ստորագրումը, Ռուսաստանը նախապես հանրապետության համար իջեցրեց բնական գազի արժեքը` 270-ից 189 դոլար հազար խորանարդ մետրի համար: Ակնկալվում են նաեւ ռուսական ֆինանսական ներդրումներ` Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մեջ:
Եվրասիական զարգացման բանկի ինտեգրման հետազոտությունների կենտրոնի փորձագետները հաշվարկել են, որ ՄՄ մտնելուց հետո Հայաստանի ՀՆԱ-ի աճը տարեկան կտրվածքով կկազմի 4-5 տոկոս: Դե, իհարկե, Ռուսաստանը հոգ կտանի Հայաստանի անվտանգության մասին` սեփական եւ ՀԱՊԿ ուժերով: Բավական է ասել, որ ռուսական ռազմակայանը Գյումրիում փաստորեն դարձել է Մոսկվայի ֆորպոստ` հարավային ուղղությամբ:
Իսկ ի՞նչ կշահեն ՄՄ երկրները եվրասիական ընկերակցության մեջ Հայաստանի մտնելով: Եվ ինչ կկորցնի դրանից Արեւմուտքը, մասնավորապես Եվրոպական Միությունը: Ճիշտն ասած, Հայաստանը չի հետաքրքրում ո՛չ Ղազախստանին եւ ո՛չ էլ Բելառուսին: Ընդհանուր սահմաններ նրանք չունեն, փոխադարձ առեւտրային հարաբերությունները զարգացած չեն, եւ ընդհանուր առմամբ հայկական թույլ տնտեսությունը չի կարող համարվել գրավիչ:
Բացի այդ, Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ նիստում ասաց, որ այդ կազմակերպության անդամները, որոնք Հայաստանի հետ վերոնշյալ ռազմաքաղաքական դաշինքի մեջ են մտնում, հակահայկական բանաձեւեր են ընդունում Լեռնային Ղարաբաղի հարցում: Խոսքը վերաբերում է Ղազախստանին, Տաջիկստանին եւ Ղրղզստանին: Վերջին երկու երկրները համարվում են ՄՄ պոտենցիալ անդամներ եւ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ են հանդիսանում: Ի դեպ, որոշ ղազախական քաղաքագետներ կարծում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի դեպքում Աստանան կաջակցի Բաքվին:
Ռուսաստանը եւս չունի ընդհանուր սահման Հայաստանի հետ: Սակայն, բացի նրանից, որ Հայաստանում նրան են պատկանում հիմնական ռազմավարական կարեւոր օբյեկտները, Հայաստանի Հանրապետությունը Հարավային Կովկասում ֆորպոստ է Ռուսաստանի համար: Եվ նույնիսկ, եթե Ռուսաստանը ստիպված լինի փող եւ զենք տալ, խաղն արժե դրան, քանզի ամրանալով Հայաստանում՝ Ռուսաստանն Անդրկովկասից բացի կկարողանա վերահսկել նաեւ Մերձավոր Արեւելքը, մասնավորապես Իրանը,- նկատում է rosbalt-ի վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է Արեւմուտքին, Հայաստանի կորուստը նշանակում է Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում նրա վերահսկողության ձախողում, ինչպես նաեւ ռազմական եւ քաղաքական ազդեցության տարածքի նեղացում: Այնուամենայնիվ, տարածաշրջանում իշխանության հավասարակշռությունն ի դեմ Վրաստանի, պահպանվում է: Իսկ ահա Ադրբեջանի հարցում բարդություն կա: Նա, ըստ երեւույթին, հոգ է տանում միայն սեփական շահերի մասին եւ իր երկրում էստաֆետը չի հանձնի ոչ Մաքսային Միությանը` Ռուսաստանի գլխավորությամբ, ոչ էլ Արեւմուտքին: