Նորություններ

«Արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն կա…»

Ինչպես հայտնի է, խորհրդարանական քառյակը արտահերթ նիստ էր նախատեսում անցկացնել, որի ժամանակ ներկայացնելու էր Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագիծ։ Այն հետաձգվեց  Հովիկ Աբրահամյանի՝ խորհրդարանական ուժերի հետ հանդիպման ու կառավարության կողմից նույն հարցի վերաբերյալ օրենքի նախագիծ ներկայացնելու պատճառով։ Սակայն ինչպես երեկ պարզ դարձավ, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ կառավարության առաջարկած նախագիծը չի ենթադրում «պարտադիր» բաղադրիչի դադարեցում, այլ միայն տույժ-տուգանքների  բացառում։  ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հայտնեցին, որ այս տեսքով նախագիծը ներկայացնելու դեպքում չեն պատրաստվում կողմ քվեարկել,  իսկ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները  վստահ են, որ եթե առաջիկայում այդ տեսքով նախագիծը ներկայացվի քառօրյա, արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն կլինի։ Այս մասին նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Հուսով եմ, որ էլի կփոխեն, որովհետեւ ինչքան հասկացա, չորս ոչ իշխանական ուժերը նախագիծ փոխանցեցին, ես հուսով եմ՝ կնայեն, որովհետեւ այն նախնական նախագիծը, որը ներկայացվել էր, վերաբերում էր միայն 76-րդ հոդվածը կասեցնելուն, որն ընդամենը տույժ-տուգանքի մասին է, ընդ որում՝ 76-ի երկրորդ կեսը հակասահմանադրական  է ճանաչվել։ Միայն այդ հոդվածն է կասեցվել, որով գործատուն չփոխանցելու դեպքում ուղղակի տույժերի չի ենթարկվի, այսինքն՝ նույն իրավիճակն է ստեղծվում Սահմանադրական դատարանի առաջին աշխատակարգից հետո»։

Նա հավելեց, որ  եթե հաշվի առնեն քառյակի նախագծում ներկայացված դրույթները, լավ կլինի, որովհետեւ կառավարության նախագիծը որեւէ  խնդիր չի լուծում․ «Այսինքն՝ լուծում է խնդիրներից ամենափոքրը, ոչ մի խոսք չի ասվում աշխատողի կամարտահայտման մասին, այսինքն՝ եթե ուզի՝ կփոխանցի, եթե չուզի՝ չի փոխանցի,այսինքն՝ պետական օղակներում սկելու են ճնշումների մեխանիզմը, մարդուն ստիպելու, այսինքն՝ ոչ թե ստիպելու, այլ սա ուղղակի գողանալ է։ Հիմա եթե նույն տեսքով մնա, արտահերթ նիստը դեռեւս արդիական կմնա, որովհետեւ բացարձակ չի բավարարում ոչ մեզ, ոչ էլ քառյակին այս իրավիճակը, որովհետեւ ընդամենը մի հոդվածն է կասեցվելու, որն ընդամենը տուգանքն է, բայց քանի դեռ ՊԵԿ-ի հաշվետվության ձեւը չի փոխվել, գործատուների վերցրած գումարը  գործատուների վրա  նստում է որպես պարտք, պարտավորություն, որ այդ գումարը պետք է փոխանցեն, իսկ չփոխանցելու համար տույժի եւ տուգանքի չեն ենթարկվելու»։

Հարցին, թե ինչպես են վերաբերվում Հովիկ Աբրահամյանի կողմից դրսեւորվող նախաձեռնողականությանը, Գեւորգ Գորգիսյանը նշեց․ «Ցանկացած քաղաքական գործչից սպասում ենք, որ ծառայի ժողովրդին, այսինքն՝ անի այն, ինչի համար ժողովուրդն իրեն վճարում է»։

Նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը եւս  կիսում է նախորդի կարծիքը, թե կառավարության առաջարկած նախագիծը խնդիր չի լուծում․ «76-րդ հոդվածը կասեցնելով ՝ հնարավորություն է տրվում գործատուին որոշել՝ պահումներ կկատարի, կփոխանցի, չի կատարի, չի փոխանցի, մի քանի տարբերակ է աշխատում, որը նորից խնդիրը տեղափոխում է գործատու-աշխատող հարթություն,  որը անթույլատրելի է։ Դա պետք է օր առաջ մտներ կառավարություն, ԱԺ,  ապահովեր աշխատակիցների կամարտահայտությունը, պարտադիր գանձում չարվեր»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք իր նախագծով կառավարությունը չկանխեց կամ չարգելեց քառյակի՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը, Մանեն պատասխանում է․ «Ես անունը չէի դնի քառյակին արգելել, քառյակը իր գործողությունների մեջ արգելք այս նախագծով կարող է չտեսնել եւ պետք է չտեսնի, որովհետեւ արտահերթ հրավիրել եւ նորից օրակարգ բերել խնդիրները՝ արդարացված կարող է լինել, քանի որ հանրության պահանջը միայն 76-րդ հոդվածը չէր, այլեւ «պարտադիրը»։ Սա ամենեւին էլ 76-րդ հոդվածի կասեցման պահանջ չէր»։

Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ աշխատակիցները պետք է իրենց ցանկությամբ դիմեն գործատուին, նոր այդ պարագայում գործատուն պետք է պահումներ կատարի եւ փոխանցի։

Երիտասարդները փոխանցեցին նաեւ, որ առաջիկայում իրենց նոր անելիքները մշակվում են, հստակ կդառնան, երբ պարզ լինի, թե  ինչպիսի նախագիծ կմտնի առաջիկա քառօրյա։

Back to top button