Քո ձայնը

«Դրայվի» սիրահար Կարեն Կարապետյանին պատկանող օբյեկտը խանգարում է մարդկանց անդորրը

Երևանում քիչ են եղել այն քաղաքապետերը, որոնք չեն անհանգստացրել երևանցուն ու վնաս չեն հասցրել քաղաքացուն: Իսկ ահա հատկապես վերջին տասնամյակում մեր քաղաքը դատապարտված է ունենալ ամեն կերպ քաղաքացուն վնասող ու անհանգստացնող քաղաքապետեր: Դրանցից մեկը Կարեն Կարապետյանն է, ով ոչ միայն իր պաշտոնավարման ժամանակ աչքի ընկավ բացասական գործունեությամբ, այլև ներկայում իրեն պատկանող օբյեկտն է անհանգստություն պատճառում երևանցիներին:

Երևանի նախկին քաղաքապետ, «դրայվի» սիրահար Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենսիա» ռեստորանից ամեն երեկո մոտ տասը րոպե պարբերականությամբ թնդանոթի արձակում հիշեցնող հրավառություն է արվում, ինչը անհանգստություն է պատճառում բնակիչներին և երբեմն վախեցնում մարդկանց: «Ֆլորենսիա» ռեստորանը գտնվում է Հրազդանի կիրճում, և երբ այնտեղից այդպիսի հզորությամբ հրավառություն են անում, Հրազդանի կիրճի աջ և ձախ ափերին գտնվող բազմաթիվ շենքերը հրավառության հզորությունից սկսում են դղրդալ, ինչպես նաև միանում են բակերում և անգամ ավտոտնակներում կանգնած մեքենաների ազդանշանները, և այդ ամենը միասին տարածքում բարձրացնում են սարսափելի աղմուկ: Նկատենք, որ այդ ժամին քնած են լինում երեխաները, ծերերը, շենքերում լինում են նաև վատառողջ մարդիկ, և այդ աղմուկը բնականաբար ոչ մեկին հաճելի չէ:

Ի դեպ Հալաբյան փողոցում, որը գտնվում է ուղիղ ռեստորանի վերևում, շենքերի մեծ մասը վթարային են, և այդ հրավառության դղրդյունը խարխլում է տեղից էլ խարխուլ շենքերը: Հրավառությունից հետո էլ մինչև ուշ գիշեր մարդիկ չեն կարողանում քնել ռեստորանի բացօթյա հատվածում հնչող բարձր երաժշտությունից: Տպավորություն չստեղծվի, թե մենք դժգոհում ենք, որ մարդիկ ծնունդ կամ հարսանիք են անում, բայց այդ ամենը պետք է այնպես անել, որ արդյունքում չտուժեն մյուսները:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը շատ քիչ ժամանակ է պաշտոնավարել Երևանի քաղաքապետի պաշտոնում և իր մուտքը քաղաքապետարան սկսել էր աղմուկով` կրպակատերերի ու բացօթյա առևտրով զբաղվող մարդկանց առևտուրն արգելելով, ինչպես նաև ապօրինի շինություններ կառուցելու թույլտվություններով:

Դե իսկ հիմա էլ իրեն պատկանող օբյեկտում արվող միայն մի հրավառությունից նա մեծ գումարներ է աշխատում, արդյունքում դա կարող է դառնալ բազմաթիվ բնակիչների տներից զրկվելու պատճառ: Իսկ ներկայիս ոչ պակաս չսիրված քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իրեն չի կոտորում բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցում: Մանավանդ, որ այդ տարածքի շենքերում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծում չի տրվում, ու խնդիրները խորանում են: Այնպես որ, եթե այդ շենքերը հանկարծ մի օր փլուզվեն, չզարմանաք, և դրանում իր «ներդրումը» կունենա շքեղ օբյեկտ աշխատեցնող նախկին քաղաքապետը:

Լիլիթ Թադեւոսյան

Back to top button