Նորություններ

«Անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը». Թովմասյանը՝ Քոչարյանի մասին

«Որպես քաղաքական երևույթ՝ անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը, եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, քաղաքական պրոցեսներին մասնակցելու, պետք է դա անել բացահայտ, մենք անցել ենք այն ժամանակները, երբ դու կարող էս քողարկված տեսքով ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան ասել: Եթե քաղաքական պրոցեսները քեզ չեն հետաքրքրում, ապա նրանց էլ պետք չէ անդրադարձ կատարել, եթե դու պատրաստ էս քաղաքականություն մտնել, բաց ասել, որոնք են քո ծրագրերը, ապա պետք է այս գործելաոճին վերջակետ դնել»,- ԳԱԼԱ-ի խնդրանքով անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝ նշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը բարձրացրել էր ՍԴ բարեփոխումների անհրաժեշտության հարցը: Թովմասյանը նշում է. «Ես համաձայն չեմ երկրորդ նախագահի գնահատականների հետ որպես նաև մարդ, ով մասնակցել է 2005 թվականի փոփոխությունների նախագծի մշակմանը, վստահորեն կարող եմ ասել, որ դրա անհրաժեշտությունը կա»:

Թովմասյանի կարծիքով ՍԴ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն իրավիճակով, որը ստեղծված է երկրում, նշում է. «Դրա վառ ապացույցն են նաև այն երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ունեին նույն կառավարման համակարգը, խոսքը վերաբերում է և՛ Ուկրաինային, և՛ Վրաստանին, և ՛ արևելաեվրոպական մի շարք երկրներին»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով՝ գործող կառավարման համակարգում կան լրջագույն խնդիրներ, այդ թվում նաև մարդու իրավունքների և ազատությունների բաժնում: «Լիազորություն, պատասխանատվություն, այստեղ մենք ունենք հստակ անհամամասնություն, հստակ չի նաև քաղաքական ընդդիմության դերակատարությունը, էս բոլոր հարցերին պետք է պատասխան տալ»,- նշում է Թովմասյանը, ով համոզված է՝ արդյունավետ կառավարումը բերելու է խնդիրների լուծման, բացատրում է, որ լիազորությունների կրկնությունը, պատասխանատվության բացակայությամբ հանդերձ լիազորությունների շնորհումը, առանց իրագործման հնարավորության լիազորությունների առկայությունը խնդիրներ են առաջացնում տարբեր երկրներում:

Ըստ Թովմասյանի՝ պառլամենտական կառավարման անցումը կնպաստի այդ խնդիրների լուծմանը:

Ավելին
Back to top button