Հովիկ Աբրահամյանը, դեմ ըլլալով, կողմ է

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ԺՊ Արտեմ Ասատրյանը նախ ներկայացրեց Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները կասեցնելու մասին օրենքի նախագիծը: Արտեմ Ասատրյանը, դիմելով ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին, ասաց.
«Վերջին օրերին ձեր կողմից անցկացված քաղաքական խորհրդակցությունների եւ քննարկումների արդյունքում տրված հանձնարարականների հիման վրա մշակվել է Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները կասեցնելու մասին օրենքի նախագիծը: Այդ նախագծով առաջարկվում է մինչեւ ՍԴ-ի 2014 թվականի ապրիլի 2-ի ՍԴ ամբողջական որոշման կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը կասեցնել Կուտակային կենսաթոշակային օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, որը վերաբերում է կուտակային վճարները չկատարելու դեպքում հաշվարկվող եւ գանձվող տույժերին եւ երկրորդ կետը, որ հունվար- ապրիլ ամիսների համար կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից ազատվում է գործատուն կամ հարկային գործակալը»:
Ապա Ա. Ասատրյանը առաջարկել է տրամադրել եւս երկու օր օրենքի նախագիծն ամբողջությամբ հաստատելու համար: Ինչին ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու օրը շատ է, եւ այդ նախագիծը շտապ պետք է ուղարկեն ԱԺ: Ապա Հ. Աբրահամյանը մեկ անգամ եւս նշել է, որ օրենքի հետ կապված քննարկումներ է ունեցել ինչպես քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ շահագրգիռ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ օրենքի հետ կապված իր մտահոգություններրի մասին հայտնել է իր տեսակետը կառավարության պաշտոնական կայքում: Նշենք, որ կառավարության պաշտոնական կայքում Հ. Աբրահամյանը բավականին ծավալուն անդրադարձել է օրենքի նախագծին, որտեղ ասվում է, որ կենսաթոշակային բարեփոխումների հաջողությունը պետք է դառնա քաղաքական, հասարակական բոլոր ուժերի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, Հայ յեղափոխական դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության, «Դեմ եմ» շարժման, ինչպես նաև այլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների և անհատների հաղթանակը:
2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեցման» նախագիծ: Տվյալ խնդրին քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ հասկանում են, որ դրանով այս պահին «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է:
Վերջում Հ. Աբրահամյանը ասաց.
«Եվ վերջում ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ:
Դե՛մ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ Սահմանադրությունը: Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն:
Դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա:
Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա:
Դեմ եմ: Բայց որ ավելի կարևոր է՝ ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ այն համատեղ իրականացնելուն»: