Նորություններ

Գործել եմ բացառապես ծառայելով Հայաստանի ազգային եւ պետական շահերին. Երանոսյանի դատավարությունը մեկնարկեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: 

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին՝ առաջացացնելով ծանր հետևանքներ։

Մինչեւ դատական նիստի մեկնարկը լրագրողներն առիթ ունեցան հարցեր հղելու Երանոսյանին, որոնց նա չպատասխանեց՝  հորդորելով դիմել պաշտպանին:Իսկ պաշտպանը լրագրողներին Երանոսյանի անունից հայտարարություն բաժանեց, որում մասնավորապես նշված է.

«Ես՝ գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանս, հանրությանը տեղեկացնում եմ, որ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով: Ինչպես իմ ծառայության ողջ ընթացքում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 16-ին եւ 22-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում գործել եմ բացառապես ծառայելով Հայաստանի ազգային եւ պետական շահերին:

Նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունները ընդհանրապես եւ իմ գործողությունները, մասնավորապես եղել են իրավաչափ եւ ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների եւ ոստիկանության ուժերի միջեւ, իսկ նման գործողությունների չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետեւանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը: Ոստիկանության գործողությունների արդյունքում եւ դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ եւ անցնցում փոխանցումը. մի փաստ, որը հնարավոր չէ հերքել անաչառ լինելու դեպքում»:

Back to top button