Նորություններ

Խոշոր ու կասկադյորական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 25-ամյա վարորդը խմած վիճակում Mercedes-ով մխրճվել է արևտրի կրպակի մեջ, այնուհետև կողաշրջված վիճակում հայտնվել գետի ափին. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 25-ամյա Հենրիկ Եգորյանը՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105 կմ հատվածում իր վարած Mercedes C-180 մակնիշի 35 VQ 779 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն, այնուհետև մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում գտնվող, Արենի գյուղի բնակչին պատկանող առևտրի կրակի մեջ, տապալել այն, և կողաշրջված վիճակում հայտնվել գետի ափին՝ ծառերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները, դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրան հիվադանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Հիվանդանոցում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում:

Տեղում հետանքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարակականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս բերվեց երթևեկելի գոտի և քարշակով տեղափոխվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


shamshyan.com

Ավելին
Back to top button