ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Քոչարյանը զարմանում է՝ իրեն հլու–հնազանդ ենթարկված դատախազությունը մեկ էլ համարձակվում է իրեն ինչ-որ բան ասի». իրավապաշտպան

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, նշեց, որ իր համար տարակուսելի է այն հանգամանքը, որ ընդմիջում հայտարարելուց հետո դատավորը և ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը մնում են դատարանի դահլիճում, կամ երբ ամբաստանյալը և դատավորը հանդիպում են արգելափակված գոտի տանող ճանապարհին.

«Կարծում եմ՝ պաշտպանական կողմը դժգոհ չպետք է լինի, որովհետև իրենց տվեցին անսահմանափակ ժամանակ, նախ աննախադեպ էր կալանքի քննարկումն այս փուլում»:

Անդրադառնալով Արցախի նախագահների ներկայացրած երաշխավորությանը՝ իրավապաշտպանը նշեց, որ մինչև վերջին պահը ենթադրել է, որ Արցախի նախկին և ներկա նախագահներն իրենց նեղանձնային, միգուցե նաև կլանային շահերն ավելի վեր չեն դասի, քան Հայաստան — Արցախ հարաբերությունները:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանում արված հայտարարության մասին՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Նինա Կարապետյանցը նշեց, որ իսկապես երկար տարիներ Հայաստանում Բաղրամյան 26-ից ինչ ասել են, այդպես էլ արել են, Ռոբերտ Քոչարյանն իր խոսքով ապացուցեց, որ ինքը ինչ ասել է գլխավոր դատախազներին, այդպես էլ եղել է.

«Քոչարյանը զարմանում է, որ իր իշխանության տարիներին իրեն հլու–հնազանդ ենթարկված դատախազությունը մեկ էլ հանկարծ համարձակվում է իրեն ինչ-որ բան ասի»:

Իրավապաշտպանը նշեց նաև. «Երբ նայում ես դատախազի ելույթին ու հասկանում ես, որ ընդամենը մեկ-երկու տարի առաջ իրենք ասում էին լրիվ հակառակը, պնդում էին, որ ցուցարարները եղել են զինված, եղել են ամբոխ, եղել են կազմակերպված հանցավոր խմբեր ու այսօր իրենք լրիվ հակառակն են պնդում: Շատ եմ ցավում, որ այս գործով մենք ստիպված ենք լինելու այդ ռակուրսից նայելու ամեն անգամ»:

Ավելին
Back to top button