Նորություններ

Խորհրդարանի նախագահը Երևանում հանդիպել է Օրբելի կենտրոնի փորձագետներին

Մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այցելել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական-հետազոտական կենտրոն և հանդիպել աշխատակիցների հետ:

Իր ներածական խոսքում կառույցի ղեկավար Հովհաննես Մոսվիսյանը ընդգծել է նման հանդիպումների անհրաժեշտությունը պետական հաստատությունների և փորձագիտական համայնքի շարունակական համագործակցության տեսանկյունից:

Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է փորձագետների հետ մշտական շփումները տեղեկատվության փոխանակման, արդիական հարցերի քննարկման և տարբեր բնագավառներում առկա իրողությունների մասին խորքային ընկալումներ ձևավորելու համար:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի միջազգային իրավասուբյեկտայնությանը, արտաքին աշխարհի հետ ապակենտրոն համագործակությանը, Արցախ-Հայաստան իրավապայմանագրային հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին, Արցախում փորձագիտական հանրության զարգացմանը և մի շարք այլ հարցերի:

Back to top button
Close