Նորություններ

«Արդարադատությանը խոչընդոտել հնարավոր է նաեւ անազատության մեջ գտնվելով». Տարոն Սիմոնյան

«Ես ընդհանրապես դեմ եմ, որ Արցախի հետ կապված ցանկացած խոսակցության մեջ հակասություններ պարունակող արտահայտություններ օգտագործվեն՝ հեղափոխություն, հակահեղափոխություն: Արցախյան հիմնահարցի լուծումը մինչև իր տրամաբանական ավարտին չի հանգել, որևէ ձևով ներքաղաքական հարաբերություններում չպետք է արծարծվի Արցախի թեման»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ «եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»:

Պատգամավորը կոչ է անում և ընդդիմության, և իշխանության ներկայացուցիչներին՝ Արցախին առնչվող ցանկացած թեմայի պարագայում ձեռնպահ մնալ ի շահ կամ ի վնաս ներքաղաքական ինչ-որ հարաբերություններում այն օգտագործելուց:

«Մենք պետք է չափավոր զգուշավորություն դրսևորենք այս հարցում և հասկանանք, որ ներքաղաքական ինչ-որ հարցեր լուծելու համար կամ հասարակական հնչեղություն ունեցող հարցեր բարձրացնելով կամ սեփական լեգիտիմությունը ևս մեկ անգամ ընդգծելու համար պետք չէ արցախյան թեման արծարծվի»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված ալյանսին և այն դիտարկմանը, թե հնարավոր է Արցախից վերնախավի ներկայացուցիչները ևս միանան այս դաշինքին, Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքական ակտիվությունը դրսևորելու:

«Ես կարծում եմ, որ քաղաքական դաշինքը, եթե այդպիսին էլ լինի, սոցիալական լայն շերտեր չի կարող իր հետևից տանել, որովհետև պահանջ չկա աջակցելու»:

Խոսելով նաև Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստի և Արցախի երկու նախագահների անձնական երաշխավորության մասին՝ պատգամավորն ընդգծեց, որ իհարկե կարելի է այստեղ քաղաքական կոմպոնենտ փնտրել և գտնել, բայց ավելի շատ պետք է դիտարկել զուտ հեղինակություն վայելող անձի միջնորդություն դատարանին:

«Դատարանն է գնահատում և դրա հիման վրա որոշում կայացնում՝ կալանքից ազատե՞լ ամբաստանյալին, թե՞ ոչ: Իմ կարծիքով մարդը եթե ազդեցիկ է, հատկապես եթե 2-րդ նախագահն է, այդքան էլ կարևոր չէ ազատության կամ անազատության մեջ գտնվելը: Եթե նա ուզում է խոչընդոտել արդարադատության իրականացմանը, նա այդ կանի անգամ անազատության մեջ գտնվելով»,- հավելեց Սիմոնյանը:

Ավելին
Back to top button
Close