ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հրահանգներով ապրող մարդ է». Հայկ Խանումյան

«Արցախում այսօր իշխանություն է մի խումբ, որը Սերժ Սարգսյանի իշխանության տրամաբանական շարունակությունն է Ստեփանակերտում»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց Արցախի Հանրապետության ԱԺ «Վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

Նրա խոսքերով՝ տարիներ շարունակ եթե Հայաստանում եղել է քիչ թե շատ ուժեղ ընդդիմություն, քիչ թե շատ կայացած քաղհասարակություն, որոշակի միջազգային վերահսկողություն, ապա այդ ամենն Արցախում ընդհանրապես չի եղել, եթե Հայաստանում այս աստիճան դեգրադացվել է իշխանությունը, Արցախում ինչ աստիճանի է այն դեգրադացվել:

«Այս մարդիկ փորձում են համախմբվել, որպեսզի պահպանեն թալանելու իրենց իրավունքը, նոր մեխանիզմներով շարունակեն իրենց թալանը, այս ամենին տոն է տալիս նաև Սերժ Սարգսյանը»,- նշեց նա:

Հայկ Խանումյանի պնդմամբ՝ այսօր Սերժ Սարգսյանն ուզում է հնարավորինս ազդեցություն ունենալ Արցախում կառավարող էլիտայի վրա, փորձում է նրանց համախմբել՝ հանկարծ իշխանությունը 20 թվականին ձեռքից բաց չթողնելու համար, որովհետև դա կլինի Սերժ Սարգսյանի վերջնական ջախջախումը:

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հեգնանքին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին՝ վերելակային բանակցություններ վարելու հետ կապված, Խանումյանն ասաց. «Ես խիստ ցավում եմ Վիտալի Բալասանյանի համար, որովհետև այն աննախադեպ հեղինակությունը, որ ինքն ուներ, ամբողջովին զրոյացրեց Սերժ Սարգսյանի կողքին լինելու համար: Այն, ինչ անում է նա, անտրամաբանական է»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված ալյանսին և ԳԱԼԱ-ի դիտարկմանը, թե հնարավոր է Արցախից վերնախավի ներկայացուցիչները ևս միանան այս դաշինքին, Խանումյանն ասաց. «Արցախի կառավարող շրջանակները վստահաբար Սերժ Սարգսյանի ազգեցության տակ են, և ինչ-որ փուլում Հայաստանում գոնե Ռոբերտ Քոչարյանը փորձեց Սերժ Սարգսյանի թիմին ևս համախմբել, բայց մեծ խանդով վերաբերվեց Սերժ Սարգսյանը, և վստահաբար նա թույլ չի տա, որ այս թիմն անցնի Ռոբերտ Քոչարյանի կողմը, և նրանց միջև այս առումով մրցակցություն կա»:

Պատգամավորի խոսքերով՝ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հրահանգներով ապրող մարդ է և նույնիսկ կենցաղային հարցերում շարժվում է Սերժ Սարգսյանի հրահանգներով:

 

 

Ավելին
Back to top button