Նորություններ

Շատ ավելի վատ կլինի, եթե այդ միջնորդությունը չհարգվի. քաղաքագետը՝ Արցախի նախագահների երաշխավորության մասին

«Պետք է ինչ-որ ձև գտնել ներկա ու նախկին նախագահների խնդրանքը, միջնորդությունը հարգելու, այլ խնդիր է, որ նրանք պիտի առաջնորդվեին այն սկզբունքով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են՝ անկախ իրենց ունեցած ծառայություններից և անցած ճանապարհից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով Արցախի նախկին և ներկա նախագահների ներկայացրած երաշխավորությանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

«Եթե արդեն դիմել են, շատ ավելի վատ կլինի, եթե այդ միջնորդությունը չհարգվի, կարծում եմ՝ դա կարող է շահարկումների առիթ տալ, դա կարող է Արցախում ինչ-որ բացասական նստվածք թողնել»:

Արմեն Բաղդասարյան

Բաղդասարյանի խոսքերով, այնուամենայնիվ, հասարակության մեջ վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միանշանակ վատ է, և նա չի կարողանա մեծ առճակատման գծեր գցել Հայաստանում.

«Եթե հարցը նայենք հասարակական ընկալման տեսանկյունից, ապա Ռոբերտ Քոչարյանի պատիժը շատ ավելի խիստ պիտի լիներ, քան ենթադրվում է դատավարությամբ»:

Անդրադառնալով ՀՀ նոր իշխանության և Արցախի իշխանության միջև ենթադրելի հակասություններին՝ նշեց, որ դրանք շահարկումներ են.

«Հայաստանի նախկին իշխանությունները փորձում են իրենց ապահովագրել իրենց նկատմամբ իրականացվող դատավարություններից: Շահարկում են իրենց անցած ուղին, այդ թվում նաև Արցախում»:

Նրա խոսքերով՝ Արցախում և Հայաստանում հասարակությունների միջև տարաձայնության ստվեր չկա, Արցախի շուրջ ամբողջ հայ ժողովուրդն է միավորված.

«Այդ ուժերը փորձում են ցույց տալ, որ քանի որ հայ-ռուսական հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, դա առաջին հերթին ազդելու է Արցախի վրա, հետևաբար նրանք փորձում են իրենց տարանջատել Հայաստանի չակերտավոր արևմտամետությունից, փորձում են դա շահարկելով՝ տարաձայնություններ մտցնել Արցախի և Հայաստանի միջև, ինչը հասարակությունների մակարդակով չկա»:

 

Ավելին
Back to top button