Նորություններ

Ֆլեշմոբ Գյումրիի Վարդանանց Հրապարակում. Մեկնարկել է ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Երևանի պետական համալսարանն այսօր նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնք մեկնարկեցին ուսանողական ֆլեշմոբով:

1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել:

1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ. փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:

ԵՊՀ հիմնադրման օրվա կապակցությամբ Գյումրիում և Երևանում տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Վարդանանց հրապարակում տեղի ունեցած ուսանողական ֆլեշմոբով, որը կազմակերպվել էր ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից:

Ուսանողները տարբեր ոճերի երաժշտության ներքո հանդես եկան պարային կատարումներով՝ տոնական տրամադրություն փոխանցելով գյումրեցիներին և հրապարակում գտնվող զբոսաշրջիկներին:

Ուսանողները նաև համալսարանի 100-ամյա գործունեության մասին պատմող  տեղեկատվական գրքույկներ բաժանեցին անցորդներին:

Ավելին
Back to top button