ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Ես տեսա ավելի շատ խուլիգանական դրսևորումներ». իրավապաշտպանը՝ Քոչարյանի աջակիցների մասին

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը և նրա աջակիցների կողմից տեղի ունեցող ակցիաներին, նշեց.

«Չգիտեմ՝ ունի՞ նա լուրջ աջակիցներ, կամ կա՞ն այդպիսիք հանրապետությունում, վստահ չեմ, բայց կարծում եմ, որ բոլոր մարդիկ էլ պաշտպանվելու իրավունք ունեն, բայց այդ պաշտպանությունը պետք է տեղավորվի օրենքի շրջանակներում, այն չպետք է վերածվի խուլիգանության, ես դատավարության պրոցեսում տեսա ավելի շատ խուլիգանական դրսևորումներ, ինչը չի եղել ամենալուրջ, ամենածանր դատավարությունների շրջանում»:

Անդրադառնալով երկու օրերի ընթացքում ոստիկանության աշխատանքին՝ Վարդան Հարությունյանը նշեց.

«Կարծում եմ՝ ոստիկանությունը պետք է լինի իր բարձրության վրա և պետք է լինի իրոք ոստիկանություն: Վերջին 20 տարում ՀՀ ոստիկանությունն ընդամենը սովետական միլիցիա էր, հիմա իրական պահն է, որ նա դառնա քաղաքացու համար մեկ աջակիցը և ընդհանրապես հասարակական կարգը պահպանի, այն, ինչը նրանք չարեցին կամ վատ արեցին վերջին օրվա ընթացքում»:

Խոսելով պաշտոնաթող նախագահի խափանման միջոցը փոխելու Արցախի նախագահների ներկայացրած անձնական երաշխավորության մասին՝ իրավապաշտպանը նշեց. «Ես կարծում եմ, որ նախաքննության ողջ ընթացքում Քոչարյանը, չնայած կալանավորված լինելուն, փորձում էր իր հնարավորություններն օգտագործել նախաքննության վրա ազդելու, եթե նրա պաշտպանները կկարողանան ապացուցել, Ռոբերտ Քոչարյանը չի գնա այդ ճանապարհով, այլ, ընդհակառակը, կնպաստի նրան, որ տեղի ունենա արդարադատություն, որը հենց բխում է նրա շահերից»:

Ավելին
Back to top button