Նորություններ

«Եթե որոշենք, որ ինչ-ինչ տվյալներ դատարանը պետք է լսի պարոն Փաշինյանից, ապա կմիջնորդենք, որ նա ևս դատակոչվի որպես վկա». Հայկ Ալումյան

Դատական նախնական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ վկաների մեծ ցուցակ է ներկայացրել: Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց առաջադրած վկաների ցուցակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը չկա:

 «Մեղադրող կողմն էլ իր հերթին է վկաների ցուցակ առաջադրել՝ 800 և ավելի հոգուց բաղկացած: Մեր ցուցակը մոտ 10 հոգանոց է… Մեր ցուցակը վերաբերում է այդ թվում ՍԴ դատավորներին: Ցուցակում կան Գագիկ Հարությունյանը, Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը: Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում կա դրույթ, համաձայն որի՝ ճնշում է գործադրվել Սահմանադրական դատարանի դատավորների վրա, բայց առանց մասնավորեցնելու: Հասկանալի չէ, թե մեղադրանքի կողմն ինչու է առանձնացրել երկու դատավորի և նախաքննության փուլում հարցաքննել միայն նրանց: Ի դեպ, երկուսն էլ ժխտել են իրենց հանդեպ ճնշումը: Մենք ցանկանում ենք վկայի կարգավիճակով հրավիրել նաև մյուս դատավորներին, որպեսզի հասկանանք, թե այդ ինչ ճնշման մասին էր խոսքը»:

Հայկ Ալումյանը նաև տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց առաջադրած վկաների ցուցակում չկա:

«Եթե որոշենք, որ ինչ-ինչ տվյալներ դատարանը պետք է լսի պարոն Փաշինյանից, ապա կմիջնորդենք, որ նա ևս դատակոչվի որպես վկա»: 

Ավելին
Back to top button