Նորություններ

Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգները

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգներին միավորող՝ Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչներ: Վերջիններս Հայաստանում են՝ մասնակցելու Ռուսաստանի հայերի միության և Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի կողմից Հայաստանում կազմակերպված համաժողովին:

Հյուրերի թվում էին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Նատալիա Կոնևան՝ մարշալ Իվան Կոնևի դուստրը, մարշալներ Համազասպ Բաբաջանյանի և Հովհաննես Բաղրամյանի ժառանգները:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և ընդգծել, որ ուրախ է մայիսյան հաղթանակների այս օրերին հյուրընկալել Մեծ հայրենականի հերոսների ժառանգներին: «Սա յուրահատուկ հնարավորություն է: Երբեք չէի մտածի, որ կարելի է հերոսների ընտանիքներին հավաքել մեկ վայրում: Եվ սա տեղի է ունենում հենց այն օրերին, երբ մենք նշում ենք Մեծ հայրենականում հաղթանակի տոնը: Այդ տոնը խորհրդանշական է մեզ համար նաև այն առումով, որ այդ օրերին մենք նշում ենք նաև Շուշիի ազատագրման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրը, իսկ դրանից մեկ օր առաջ՝ Երկրապահի օրը»,-նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրել են Հայաստան այցելությունից իրենց տպավորությունը՝ նկատելով, որ հենց անցյալի փառահեղ հաղթանակների գնահատումն ու արժևորումն է հիմք դառնում նոր հաղթանակների համար:

Հանդիպման ավարտին նրանք նախագահ Սարգսյանին իրենց հերոս հայրերի և պապերի սխրանքների մասին պատմող գրքեր են նվիրել: 

Ավելին
Back to top button
Close