ՆորություններՔո ձայնը

«Հ1-ի կողմից կանխակալ քարոզչությունը միայն իշխանության հրահանգով չէ». «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել.

«Կանխակալ քարոզչությունը նաև անձնական դիրքորոշում է

Հայաստանի Հանրային հեռուստատեսության՝ Հ1-ի, քաղաքական եւ լրատվական հաղորդումների պատասխանատու Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ միացել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի դեմ կազմակերպված արշավին։

Սահմանին լարվածության վերաբերյալ լրագրողի հարցին Բալասանյանը, ի նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, պատասխանել էր՝ գնացեք իրենից հարցրեք, ինքն է լիֆտի մեջ Ալիեւին տեսել։ Այս արտահայտությունը իշխանական քարոզչությունը համարում է արհամարհանք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եւ հակահարված է տալիս՝ հարձակվելով Վիտալի Բալասանյանի անձի վրա։

Պետրոս Ղազարյանը միանում է այդ հարձակմանը, իր ֆեյսբուքյան ստատուսում օգտագործելով թեեւ հայտնի, բայց բավականին պարզունակ քարոզչական շտամպերը՝ Նիկոլ Փաշինյանը մեր կողմից ընտրված վարչապետն է, ուրեմն նրա նկատմամբ արհամարհանքը արհամարհանք է բոլորիս նկատմամբ, վերելակային զինադադարի շնորհիվ պակասել են զոհերը սահմանում, կոռուպցիան բանակում արմատախիլ է արվել եւ այլն։

Պետրոս Ղազարյանը ոչ մի նոր փաստարկ չի ավելացրել անտիբալասանյանական քարոզարշավին, դրա փոխարեն եւս մեկ անգամ իրեն դրսևորում է որպես իշխանական քարոզչության առաջամարտիկ։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս է անդրադարձել Հանրային հեռուստատեսության կողմնակալ վերաբերմունքին եւ չհավասարակշռված լրատվությանը, ինչի շնորհիվ լրատվամիջոցը վեր է ածվել քարոզչամիջոցի։

Պետրոս Ղազարյանի գրառումը ցույց է տալիս, որ հանրային ֆինանսավորում ունեցող Հանրային հեռուստատեսության կողմից կանխակալ քարոզչությունը միայն իշխանության հրահանգով չէ, այլ նաեւ նրա քաղաքական եւ լրատվական հաղորդումների պատասխանատուի անձնական դիրքորոշման»:

Ավելին
Back to top button
Close