ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Կարող ենք եզրակացնել, որ ԱԱԾ տնօրինման տակ եղել են փաստաթղթեր, որոնք կարող էին լույս սփռել Մարտի 1-ի գործի վրա»

Փաստաբան Նորայր Նորիկյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նախորդ իշխանությունը հեռանալուց առաջ ԱԱԾ-ում նյութեր է ոչնչացրել, ու արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, նշեց. «Անհրաժեշտ է արձանագրել, որ եթե այդպիսի դեպք գրանցվել է, դա ունեցել է կոնկրետ նպատակ՝ որոշակի խնդիրներ թաքցնելու կամ որոշակի հետքեր թաքցնելու համար»:

Նորիկյանի դիտարկմամբ՝ եթե ենթադրվում է, որ այդ փաստաթղթերը կարող են որոշակի առնչություն ունենալ Մարտի 1-ի գործի հետ, ապա սրանից մենք կարող ենք եզրակացնել, որ ԱԱԾ տնօրինման տակ եղել են որոշակի փաստաթղթեր, որոնք կարող էին լույս սփռել Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտման վրա, և այս անցած մեկ տարվա ընթացքում գործող իշխանությունները փաստորեն ուսումնասիրություններ են կատարել և պարզել են, որ  բացահայտման տանող ճանապարհը փակուղում է՝ կապված այդ փաստաթղթերի անհետացման հետ. «Ինքնին փաստը, որ ԱԱԾ-ից փաստաթղթեր են անհետացվել կամ ոչնչացվել, խոսում է այն մասին, որ նախորդ իշխանությունները, այնուամենայնիվ, հասարակությունից թաքցնելու բան են ունեցել, և այդ փաստաթղթերը կարող էին ոչ միայն հանցագործության հատկանիշներ պարունակել, այլ նաև դրանց ոչնչացումը հանցագործության հետքերը թաքցնելու նպատակ է ունեցել»:

Անդրադառնալով հարցին, թե ինչու այս գործի առնչությամբ քրեական գործ չի հարուցվում, փաստաբանն ընդգծեց. «Մենք ունենք շատ սահմանափակ տեղեկատվություն, չեմ բացառում, որ ծառայողական քննության եզրակացության հիման վրա կհարուցվի քրեական գործ, քանի որ խոսքը գնում է բավականին լուրջ գործընթացի մասին»,- նշեց նա:

Ավելին
Back to top button