Նորություններ

«Հնարավոր չէ Հայաստանում «մերժիր Սերժին» ասել, բայց Արցախում մնան նույն «սերժական» իշխանությունները»

Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ:

-Պարոն Պապյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ: Արդյո՞ք այսօր նախկին իշխանությունները փորձում են համախմբվել Արցախի շուրջ:

-Միանշանակ կա այդ վտանգը և կար Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական փոփոխություններից հետո: Միևնույնն է, Արցախը Հայաստանի մաս է, փոխկապակցված են, և հնարավոր չէ Հայաստանում «մերժիր Սերժին» ասել, բայց Արցախում մնան նույն «սերժական» իշխանությունները: Վարչապետի և Սերժ Սարգսյանի այցերը Արցախ ցույց տվեցին, թե ինչ իրավիճակ է այնտեղ տիրում: Հետևաբար՝ պետք է ամբողջացնել հեղափոխություն-իշխանափոխությունն Արցախում ևս, հակառակ դեպքում այն կդառնա գլխացավանք մեզ բոլորիս, այդ թվում նաև Արցախի համար: Արցախի ժողովուրդը ևս մեծ փոփոխություններ է ուզում և ուզում է ազատվել այդ թալանչիական վերնախավից, որը հայրենասիրության դիմակով տարիներ ի վեր կեղեքել է արցախաբնակ հայությանը և ՀՀ քաղաքացիներին:

-Արցախի նախագահների դիմումը ՀՀ գլխավոր դատախազին և դրան հետևած արձագանքը արդյոք պետք է դիտարկել միջամտություն ՀՀ ներքին գործերին:

-Որպես ուղղակի միջամտություն ես դա չէի դիտարկի, որովհետև ցանկացած մարդ կարող է դիմել և խնդրել ներում, այստեղ ինձ հուզում է դիմումի հիմնավորումը, որ ասում է, թե դա կնպաստի հայության միասնականությանը, որը բնավ այդպես չէ: Հակառակը՝ եթե պիտի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխան չտան իրենց արածների համար, դա, ընդհակառակը, պառակտում է մտցնում: Ես համաձայն եմ վարչապետի այն տեսակետին, թե ի՞նչ միասնություն թալանողի և թալանվողի միջև: Երկրորդը՝ ընդունելի չէ այն երկակի ստանդարտը, որ նախագահները կիրառում են, որովհետև Հայաստանում կալանքի տակ է գտնվում Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, կամ ժամանակին Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանն էր բանտում, այդ մարդկանց համար էլ դիմեին, ինչո՞ւ չէին դիմում: Իրենք նույն հերոս Սամվել Բաբայանին են կալանավորել: Ինչո՞ւ մեկի նկատմամբ վերաբերմունքն այլ ձև է, մյուսի նկատմամբ՝ այլ ձև: Այ սա է, որ ողջամիտ կասկած է առաջացնում, որ իրենք առաջնորդվում են խմբակային շահերով, իսկ դրանք խարսխված են փողի և հարստության վրա:

-Նշել էին, որ կարևորում են երեք նախագահների մասնակցությունը տոնական միջոցառումներին:

-Թող ցույց տան, թե վերջին 10 տարվա ընթացքում Քոչարյանը քանի անգամ է մասնակցել տոնական միջոցառումներին: Ես, ընդհակառակը, ինչքան հիշում եմ, Քոչարյանն այդ օրերին Հունաստանում ծովափում էր:

Քոչարյանի վերաբերյալ հարցը պետք է մի տեսանկյունից դիտարկել՝ արդյոք նրա նկատմամբ քրեական հետապնդումն օրինական է, թե օրինական չէ: Իմ կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների մոտեցումը շատ մեղմ է: Իրենք փորձում եմ քրեական ճանապարհով ապացուցել Քոչարյանի և նման մարդկանց՝ օրենքի խախտած լինելը: Քաղաքական անձի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի քաղաքական: Պետք է հարց տրվի՝ քո հայտարարագրված հարստությունը հազար անգամ ավելի է, քան քո հնարավոր օրինական վաստակը, որտեղի՞ց, հիմնավորեք: Պետք է տրվի կոնկրետ ժամանակ: Չհիմնավորելու դեպքում ամբողջը դատական ճանապարհով պետք է առգրավվի:

-Վերադառնանք Արցախին. հաշվի առնելով ՀՀ նախկին իշխանությունների ակտիվությունն Արցախում՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ նոր իշխանությունների և Արցախի իշխանական վերնախավի հարաբերություններում և մոտեցումներում կա հակասություն:

-Այո, կա այդ հակասությունը, դա հնի ու նորի հակասությունն է, ի վերջո ամբողջ հեղափոխության նպատակն ու կարգախոսը ո՞րն էր՝ մերժիր Սերժին, սա ասելով նկատի ունեին համակարգը մերժել: Հիմա անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը հերոս է եղել, հերոս չի եղել, մասնակցել է Շուշիի ազատագրմանը, չի մասնակցել, էական չէ, դա կարող է լինել մեղմացուցիչ հանգամանք նրա անազատության մեջ գտնվելու առնչությամբ:

Բայց այստեղ հստակ գիծ է գնում՝ այդ մարդկանց պանծացնելու և հարցը ներկայացնելու Հայաստան-Արցախ հակադրման դիմակայության միջոցով: Ակնհայտ է, որ Արցախում այդ գիծն է տարվում, և դա միշտ էր տարվում, թե հայաստանցիներն Արցախը կծախեն, և ղարաբաղցիներն են, որ դա թույլ չեն տալիս, այսինքն՝ Սերժ Սարգսյանը և դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանը, այնինչ մենք գիտենք, որ բանակցությունները վարողը և մադրիդյան սկզբունքներն ընդունողները եղել են Ռոբերտ Քոչարյանը, և շարունակվել է Սերժ Սարգսյանի օրոք:

 

Հերմինե Ղարիբյան

 

Ավելին
Back to top button