Նորություններ

«Ի վերջո, Կուտոյանը մի մարդ է, ում օրոք Վանեցյանը պաշտոնի բարձրացում է ստացել». Դանիել Իոաննիսյանը՝ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին

«Ես այդ տեղեկությունը ոչ պաշտոնական, բայց նախկինում ունեի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նախորդ իշխանությունը հեռանալուց առաջ ԱԱԾ-ում նյութեր է ոչնչացրել, ու արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն:

Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ այստեղ խնդիրն այն է, թե ինչու քրեական գործ չի հարուցված.

«Եթե այս դեպքով հարուցվեր քրեական գործ, գործիքակազմը բացահայտման շատ ավելի լայն կլիներ, քան զուտ ծառայողական քննության դեպքում: Այս դեպքում իրենք կարող են մարդկանց առաջարկել ներկայացնել բացատրություն, մարդիկ էլ կարող են հրաժարվել ներկայացնել բացատրություն կամ ընդհանրապես չգան բացատրություն տալու: Ծառայողական քննության լծակները խիստ սահմանափակ են՝ ի տարբերություն նախաքննության, և այս առումով ես կարծում եմ, որ Քրեական օրենսգրքի առնվազն 308-րդ հոդվածով պետք է քրեական գործ հարուցվի և արդեն քրեական գործի շրջանակներում նախաքննությամբ առկա լայն գործիքակազմով բացահայտվի այդ հանցագործությունը»:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի այն հայտարարությանը, թե ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկա, Դանիել Իոաննիսյանն արձագանքեց. «Ինձ թվում է, որ, այո, ԱԱԾ-ն կաշկանդվածություն ունի, որովհետև եթե չունենար կաշկանդվածություն, քրեական գործ կհարուցեր, և քրեական գործի սահմաններում Կուտոյանն արդեն պարտավորված կլիներ գալ, իսկ հիմա ամեն դեպքում Կուտոյանը կարող է հրաժարվել ներկայանալ: Եվ ի վերջո, Կուտոյանը մի մարդ է, ում օրոք Վանեցյանը պաշտոնի բարձրացում է ստացել՝ Էրեբունիից եկել է Երևանի վարչության պետի տեղակալ: Եթե անգամ Վանեցյանը կաշկանդված չէ, միևնույնն է, հանրային վստահության դեֆիցիտ միշտ լինելու է, որովհետև ԱԱԾ-ն չի կարող պատշաճ կերպով ինքն իրեն քննել»,- նշեց Իոաննիսյանը՝ հավելելով.

«Այս հանցագործությունը ծառայողական պարտականությունների իրականացման սահմանում է հայտնաբերված, պաշտոնատար անձինք ԱԱԾ ծառայողներ էին, և իրենք պետք է կամ ուղարկեին, օրինակ, դատախազություն, կամ ՀՔԾ, կամ գործ հարուցեին, իրենք դա չեն արել: Տեսականորեն դա կարող ենք անել մենք՝ քաղհասարակության ներկայացուցիչներս, բայց այդ դեպքում հղում ենք անելու Վանեցյանի և Փաշինյանի բանավոր հայտարարություններին»:

Անդրադառնալով խնդրին, որ հասարակությունը միայն մեկ տարի անց իմացավ անհետացած փաստաթղթերի մասին, և թե արդյոք ԱԱԾ-ն թափանցիկ գործելու խնդիր ունի, Իոաննիսյանն ընդգծեց. «Խնդիրն այն է, որ ԱԱԾ գործառույթները և թափանցիկությունն անհամատեղելի են ժողովրդավարական երկրի ստանդարտների դիտակետից, որովհետև այն, որ հետախուզական, հակահետախուզական մարմինը բարձր թափանցիկություն չունի, նորմալ է, աշխարհի բոլոր երկրներում էլ այդպես է, բայց աշխարհի ժողովրդավարական երկրներում այդ մարմինները չունեն քրեական գործ վարելու լիազորություն, առավել ևս հետախուզության և հակահետախուզության հետ չկապված քրեական գործ վարելու լիազորություն, չունեն սահմանապահ լիազորություն, ու այս պարագայում նորմալ է, որ իրենք թափանցիկություն էլ չունեն: Այսինքն մի մարմին, որը կոռուպցիայի դեմ պայքարի հայտ է ներկայացնում, չի կարող չունենալ թափանցիկություն»,- եզրափակեց նա:

Ավելին
Back to top button