Նորություններ

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից․ կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 XV 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին՝ Հաղթանակի 50-ամյակի հարևանությամբ գտնվող կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և մոտ 12 մետր բարձրությունից ընկել Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհի վրա՝ բախվելով Toyota Corolla մակնիշի 35 ZL 258 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու ուղևորը քաղաքացիների և օպերատիվորեն վթարի վայր ժամանած փրկարարների ու բժիշկների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները: Երթևեկությունը նշված հատվածում ժամականավորապես դադարեցվել է, որպեսզի տեղում աշխատեն հրշեջները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանել հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, ավտոմեքենայի վրայից էլ պոկվել ու շպրտվել է գազաբալոնը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Ավելին
Back to top button