Նորություններ

«Քոչարյանի մեղադրանքը շատ-շատ հիմնավորված է, և անգամ փոքր երեխան կհասկանա, որ այդ մեղադրանքը խոցելի չէ երբեք». Սեդա Սաֆարյան

ԳԱԼԱ-ն զրուցել է նախկին փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ։

-Տիկն Սաֆարյան,  Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն արձանագրեց, որ վճռաբեկ դատարանը չէր կարող բեկանել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, այլ պետք է կայացներ վերջնական դատական ակտ, ինչը տվյալ դեպքում չի արել։ Ձեր գնահատականը Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ։ 

-10 տարի և ավելի վճռաբեկ դատարանն այդպիսի լիազորությունով գործառույթ իրականացրել է բազմաթիվ գործերով. որպես դրա դասական օրինակ հղում անեմ ԵԱՔԴ 0138 գործը: Հիմա Սահմանադրական դատարանի, այսպես ասած, «մեծերը» կամ այն անձինք, ովքեր այսօր հակասահմանադրության մասին ուզում են մարդկանց մեջ տպավորություն ստեղծել, թե այդտեղ ինչ-որ կոպիտ սխալ է եղել, և այդ կոպիտ սխալը դարձնել շահարկման առարկա, ինչո՞ւ մինչև հիմա այդ խնդիրն ուրիշ գործերով չեն դրել, ինչո՞ւ են հատկապես Ռոբերտ Քոչարյանի գործով այսպիսի աղմուկ բարձրացրել: Ես ուզում եմ ասել, որ եթե անգամ բեկաներ ու տեղում կայացներ որոշում, որով կալանավորեր Ռոբերտ Քոչարյանին, դրանից Քոչարյանի ի՞նչը պիտի փոխվեր, որ այսքան աղմուկ է բարձրացվել: Իմ կարծիքով հենց Սահմանադրական դատարանն իր գործառույթները չի իրականացրել: Ընդամենը պիտի արձանագրեր, որ դրույթն է հակասահմանադրական, ոչ թե անցներ օրենքի մեկնաբանություններին, դա իր գործը չէ: Դրա համար կարծում եմ՝ հենց Սահմանադրական դատարանն է շահագրգիռ եղել այս կարգի իրավիճակ ստեղծելու մեջ: Բազմաթիվ անգամ ասել եմ, թե դրանք ինչ սուբյեկտիվ գործոններով են պայմանավորված, և ովքեր են միմյանց հետ այդ բարեկամական կապերն օգտագործում և նմանատիպ որոշումներ կայացնում: Այս որոշումը երբևէ ոչ սահմանադրականության առումով, ոչ Սահմանադրական դատարանի գործառույթի առումով չի կարող օրինական լինել: Այո, վճռաբեկ դատարանը կարող էր բեկանել և կայացնել նոր դատական ակտ, ես դրան կողմ եմ, բայց դա մեկնաբանել Քոչարյանի օգտին՝ ինձ համար ուղղակի ապշեցնող է: Ըստ էության, կարևորը արձանագրելն էր, որ վերաքննիչ դատարանը ճիշտ ակտ չի կայացրել, հիմա թե միանգամից կկայացներ, թե 2 անգամից, կարևոր չպետք է լինի, ընթացակարգային խնդիրները չեն կարող ազդել կայացրած որոշման օրինականության վրա:

-Տիկին Սաֆարյան,  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով Մարտի 1-ի գործին, հայտարարեց, որ բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու։ Արդեն հայտնի է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության օրը,  ինչպիսի՞ դատավարության սպասել:

-Այս գործը իր ծավալով, իր հնչեղությամբ, դժվարություններով շատ ավելին է լինելու: Ես համակարծիք եմ, երևի, որ Արթուր Դավթյանն էլ տեսնում է այս օրերին, թե ինչ կարգի պաշտպանություն է իրականացվում, ինչքան մանր հարցերի վրա են փորձում պաշտպանություն կազմակերպել, նաև ինչքան տրամաբանորեն հակառակ տեսակետներ են արտահայտում՝ գործի նյութերից չբխող: Ամեն ինչ փորձում են մանրուքներով հօգուտ Ռոբերտ Քոչարյանի հասարակության մեջ տպավորություն ստեղծել: Անկեղծ եմ ասում, ըստ էության, Քոչարյանի մեղադրանքը շատ-շատ հիմնավորված է, և անգամ փոքր երեխան կհասկանա, որ այդ մեղադրանքը խոցելի չէ երբեք, սակայն ընթացակարգային խնդիրներով կարծում եմ, որ կծանրաբեռնվի դատարանը: Կարծում եմ, որ բովանդակային պայքար նույնպես կընթանա: Այս դատական նիստը տարիներ շարունակ կտևի. ծավալով մեծ է՝ 76 հատոր, միայն ապացույցների հետազոտման մասին խոսելիս պետք է նախատեսել ամիսներ, դժվարությունները կլինեն երկու կողմերի համար, բայց վերջնական դատական ակտն ինձ համար կանխատեսելի է:

— Ինչի՞ մասին է խոսում այն հանգամանքը, որ  դատավորները ինքնաբացարկներ հայտարարեցին։ Ձեր կարծիքով դատավորները խուսափո՞ւմ են առնչվել Ռոբերտ Քոչարյանի գործին:

-Շատ շատերը Մարտի 1-ին առնչվել են և չեն ուզում վերջնական ոչնչացնել իրենց համբավը, շատերն էլ կաշկանդված են, որովհետև նրանք Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին նշանակված դատավորներ են: Դատավորներ էլ կան, որ մտածում են, որ իրենք չեն կարող տվյալ ծավալի գործ քննել, և այնպես չէ, որ բոլորն այդ ռիսկը կարող են ունենալ գործի ծավալի «տակ մտնելու»՝ երեք նախագահներին լսելու: Շատ ցավալի իրավիճակ է, քանի որ ի սկզբանե երբ այս հեղափոխությունը եղավ, առաջին խնդիրը դատական համակարգում տիրող վիճակն էր: Հավատացեք, որ շատ աննախադեպ է դատավարությունը նաև այն տեսանկյունից, որ չենք կարող իմանալ, թե ինչ կարող է ընթացքում առաջանալ, ինչպիսի հարցեր կարող են ծագել:

 

                                  Ալինա Սիմոնյան

Ավելին
Back to top button