Նորություններ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. քոլեջի 17-ամյա 2 ուսանողներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 9-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վ/3-րդի կողմնային մակերեսի կտրած վերք և ձախ ձեռքի 1-ին մատի դիմային ֆալանգի շրջանի կտրած վերք» ու «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք, որովայնի առաջնային պատի աջ և ձախ թուլակողերի կտրած-ծակած չթափանցող վերքեր» աշխորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել անչափահաս տղաներ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչներ՝ հասակակիցներ, 17-ամյա Վ. Հ.-ն և Ժ. Հ-ն։ Նույն օրը, ժամը 22։20-ի սահմաններում Բուրաստան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և նույն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Գարիկ Շահբազյանի միջև, ով իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Վ. Հ.-ին և Ժ. Հ-ին։

Հայտնաբերվել է Գ. Շահբազյանը, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Վիրավորները սովորում են Արարատի մարզի պետական քոլեջներից մեկում։ Փաստի առթիվ մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Back to top button
Close