ՆորություններՍպորտ

ՀՕՖ-ն ու Բերդի համայնքապետարանը մինի ֆուտբոլի առաջնություն անցկացրին սահմանամերձ Մովսես գյուղում

9 մայիսի, 2019, Բերդ – Մայիսի 8-ին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ Բերդի համայնքապետարանի համատեղ ուժերով Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղի մարզադաշտում մայիսյան եռատոնին նվիրված մինի ֆուտբոլի առաջնություն անցկացվեց։

Մրցաշարի հաղթողը Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի թիմն էր, երկրորդ տեղը գրավեց Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը, երրորդը՝ Բերդի թիվ 3 հիմնական դպրոցինը։

Լավագույն ռմբարկու ճանաչվեց 13-ամյա Ռազմիկ Ադամյանը․ «Ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ, նպատակս դա է։ Էս մրցաշարում սովորում եմ՝ թիմային խաղին, ավելի համարձակ եմ դառնում»։

«Թիմային խաղը շատ կարեւոր է, պիտի թիմային աշխատես, որ կարողանաս ինչ-որ բանի հասնել։ Էսօր շատ թիմային փոխանցումներ եմ արել ընկերներիս, որոնցից կարողացել են գոլ խփել»,- ասաց մրցաշարի ամենաշատ՝ 11 գոլերի հեղինակը՝ Ռեալ Մադրիդ իսպանական ակումբի ու Կրիշտիանու Ռոնալդուի մոլի երկրպագուն։ «Ճիշտ է, ընդհանուր գոլերիս քանակն էլ ավելացավ, բայց ես էլ շատերի հետ ընկերացա Մովսեսիս, Այգեձորից, Բերդից։ Էլի իրենց հետ խաղալու ենք»։

Մյուս հատուկ մրցանակները տուն տարան Բերդի թիվ 1 հիմնական դպրոցից՝ Արսեն Ադամյանը որպես լավագույն դարպասապահ, Ֆելիքս Խաչատրյանը՝ լավագույն պաշտպան, էրիկ Շատուրյանը՝ լավագույն հարձակվող; Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցից Արման Ղազարյանը որպես լավագույն կիսապաշտպան; Բերդի թիվ 3 դպրոցից Վահե Նավասարդյանը՝ կրկին լավագույն կիսապաշտպան։

Մրցաշարին մասնակցեց 11-14 տարեկանների 20 թիմ՝ խոշորացված Բերդ համայնքի բոլոր դպրոցներից։ Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով, անվանական նվերներով, մրցավարները՝ հուշանվերներով, իսկ առաջին եւ երկրորդ տեղերը գրաված թիմերը Երեւանում կդիտեն 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը:

«Պատանիների միջեւ մրցումների անցկացումը կարեւոր է թե՛ առողջ ապերալակերպի խրախուսման, թե՛ սպորտի նկատմամբ հետաքրքրության ավելացման տեսանկյունից։ Հուսով ենք՝ այս միջոցառումը խթան կհանդիսանա տարածաշրջանում ֆիզիկական առողջության զարգացման, ինչպես նաեւ միջհամայնքային կապերի ամրապնդման համար»,- նշեց ՀՕՖ-ի Կրթական ու գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը։ «Մրցաշարը սահմանամերձ Մովսես գյուղում անցկացրինք սահմանի ու հենց գյուղի երեխաների առօրյան աշխուժացնելու համար»։

ՀՕՖ-ն իր՝ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում անցած տարիներին նաեւ կազմակերպել է բասկետբոլի առաջնություն, վազքի մրցումներ ու մինի օլիպմիական խաղեր։

Ավելին
Back to top button