Նորություններ

Արցախում մեծ շուքով նշվում է մայիսյան եռատոնը

Այսօր՝ մայիսի 9-ին, Արցախում նշվում է Եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, նաև հայերի հաղթանակը, Շուշիի ազատագրման և ԱՀ Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Եռատոնին նվիրված տոնակատարությունները Ստեփանակերտում մեկնարկել են ավանդական քայլերթով:
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման տոնական միջոցառումների շրջանակներում վաղ առավոտյան ընտանիքի հետ միասին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի և Հայաստանի պետական ու զինվորական բարձրաստիճան այրերի հետ Վերածննդի հրապարակից հազարավոր քաղաքացիների ուղեկցությամբ քայլել է դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:
Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել Արցախյան ազատամարտի ու Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Այնուհետև տեղի է ունեցել ԱՀ ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը: Ապա երկու հանրապետությունների պետական բարձրաստիճան այրերը  այցելել են Շուշի, որտեղ ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին նաև ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և Սփյուռքից:
Ավելին
Back to top button