Նորություններ

«Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է, ու ի՞նչ…». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել ընկերապետություն»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի գործի քննությանը:

ԱԱԾ-ից Հատուկ քննչական ծառայություն գործը տեղափոխելու վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան վարչապետը նշեց, որ ինքը դեմ չէ, որևէ խնդիր չի տեսնում: Ասաց՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ևս իրեն մի քանի անգամ խնդրել է գործը փոխանցել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

«Նաև այն պատճառով, որ ԱԱԾ-ում նեղվում են այդ կասկածներից, որ գործը ոչ օբյեկտիվ է և այլն: Ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը: Այսինքն, մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մենք ինքներս մեզ հետ կապված գործերը քննարկենք, և տալիս ենք «ուրիշի», և «ուրիշն» է, որ մեզ հետ կապված քրեական գործերը պետք է քննի: Եթե օբյեկտիվության համար այդ գործը պետք է գնա ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ես բացարձակ ոչ մի խնդիր չեմ տեսնում»:

Միևնույն ժամանակ Փաշինյանը վստահեցրել է, որ «չի կարող գործն օբյեկտիվ չքննվել»:

«Հեղափոխությունն ինչի համար է եղել ՀՀ-ում, որ մենք մեր ընկերների և ոչ ընկերների նկատմամբ տարբեր վերաբերմո՞ւնք ունենանք: Ֆրանկոյի հայտնի կարգախոսը կա, չէ՞, ընկերներին ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք: Էդ որ ասում են՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն ա, իմ ընկերն ա… Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է, ու ի՞նչ… ԱԺ ամբիոնից ասել եմ՝ եթե նույնիսկ իմ ընտանիքի անդամը լինի, դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի… Հիմա այդ տեղն ա: Ես պիտի ապացուցեմ, թե չապացուցեմ: ՀՀ-ում չի կարող լինել «ընկերապետություն», ինչպես չի կարող լինել տարբեր այլ «պետություններ»: Չի կարող լինել ուղղակի»:

Մարդիկ, ովքեր այս գործում ինչ-ինչ քաղաքական ենթատեքստ են փնտրում, ըստ Փաշինյանի, չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում Հայաստանում:

«Հին սխեմաներով ուզում են հասկանալ՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում: Այդ հարթությունն այլևս գոյություն չունի: Եվ չի կարող քննությունն օբյեկտիվ չլինել, եթե պարզվի, որ քննությունն օբյեկտիվ չէ, ահավոր խիստ պատժի կենթարկվեն այն մարդիկ, ովքեր այդպիսի բան են արել»:

Փաշինյանն ասել է, որ իր աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, որ իր ունեցած տվյալները միակողմանի չեն:

«Իմ աղբյուրը նաև Դավիթ Սանասարյանն է, ես նրա հետ խոսել եմ, չէ՞, նրա հետ զրույցներ եմ ունեցել, չէ՞: Ինչի՞ է թվում, որ բոլորը այդքան շատ նրբությունները հասկանում են, ես չեմ հասկանում»:

 

 

Ավելին
Back to top button