Նորություններ

«Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Քոչարյանի ընկերներն են, իսկ դատավորները միշտ սպասում են, որ էլի «պապաների» հետ աշխատեն». Հրանուշ Խառատյան

«Այս քայլն ընդամենը խոսում է այն մասին, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի ընկերներն են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանն՝ անդրադառնալով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումին, որով նրանք դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կոչ անելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ մայիսի 9-ին Արցախում կայանալիք տոնական միջոցառումներին մասնակցելու համար:

Ազգագրագետը նշում է՝ չի կարող ասել, թե ինչ պատասխան կտրվի ՀՀ գլխավոր դատախազի կողմից, սակայն ըստ Խառատյանի՝ մեր արդարադատություն կոչված համակարգի այս պահի անորոշությունը, լղոզվածությունը, ավանդույթների շարունակությունն առաջացնում է մի իրավիճակ, որ ընդհանրապես շատ անհասկանալի է և կանխատեսումների համար քիչ դաշտ է թողնում:

Հրանուշ Խառատյան

«Ըստ էության, ոչ մի բան արված չէ, ոչ հասկանալի է Բարձրագույն դատական խորհրդի պահվածքը, ոչ հասկանալի է Սահմանադրական դատարանի պահվածքը, ոչ հասկանալի են դատական պրոցեսները: Դատավորները միշտ սպասում են, կարծեք թե, որ էլի «պապաների» հետ աշխատեն: Հիմա տվյալ դեպքում «պապայի» մի տեսակ էլ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն են: «Պապայի» տարբեր տեսակներ են լինում»:

Անդրադառնալով այն լուրին, որ այդ օրը Արցախում է լինելու նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Հրանուշ Խառատյանը նշեց, որ, այնուամենայնիվ, որևէ խնդիր չի տեսնում:

«Կարող են երեքն էլ իրար հետ կանգնել, մեկումեջ ընդմիջումներով 3 սառը հայացքով իրար բարևել, որից աշխարհը շուռ չի գա, և Հայաստանում էական փոփոխություններ չեն լինի»,- հավելեց ազգագրագետը:

 

Ավելին
Back to top button