Նորություններ

«Հայ ժողովրդի կարևորագույն անելիքն է՝ անջրպետվել Ռոբերտ Քոչարյանից». Ռուբեն Մեհրաբյանը՝ ԱՀ նախագահների դիմումի մասին

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումին՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որով կոչ են անում փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ մայիսի 9-ին Արցախում կայանալիք տոնական միջոցառումներին մասնակցելու համար, նշեց.

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Մեծագույն հարգանքով վերաբերվելով Արցախի նախագահի ինստիտուտին՝ կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը պետք է մերժի հայտնի պատճառներով՝ չկալանավորված Քոչարյանը խոչընդոտելու է գործի քննությանը, ճնշումներ է գործադրելու գործի ֆիգուրանտների և դատավորի նկատմամբ»:

Մեհրաբյանի խոսքերով՝ եթե կալանավորված Ռոբերտ Քոչարյանն է փորձում ճնշումներ գործադրել, ապա դժվար չէ պատկերացնել՝ չկալանավորվածը նույն բանն անելու է բազմապատկված:

Անդրադառնալով նամակում նշված երաշխիքներին, թե ԱՀ նախագահները պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի Քոչարյանի՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար, ասաց՝ ենթադրում է, որ խոսքը, օրինակ, Հայաստանից չփախչելու մասին է, բայց այդ երաշխիքների կարիքը չկա. «Միակ անհրաժեշտությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի վայրում»,- նշեց նա:

Խոսելով դիմումի մեջ վկայակոչված համերաշխության և միասնականության ազդակի մասին՝ ասաց.

«Ես կարծում եմ, որ նամակի հեղինակներն այդ միասնության գաղափարն իզուր են փորձում կիրառել Ռոբերտ Քոչարյանի պարագայում, որովհետև Ռոբերտ Քոչարյանի հետ միասնության խնդիր չի կարող լինել հայ ժողովրդի մոտ, հայ ժողովրդի կարևորագույն անելիքն է՝ անջրպետվել Ռոբերտ Քոչարյանից, այլ ոչ թե միասնություն լինել»:

 

Ավելին
Back to top button