Նորություններ

Տեր-Պետրոսյանը և Ռաֆսանջանին. մայիսի 7, 1992, Թեհրան

Շուշիի ազատագրման նախօրեին Լևոն Տեր-Պետրոսյանը Թեհրանում էր, որտեղ Իրանի նախագահի միջնորդությամբ ստորագրվեց այս հայտարարությունը:

Պետությունների ղեկավարների Թեհրանի համատեղ հայտարարությունը

7 մայիս, 1992թ.

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով երկկողմ բանակցություններ վարելու, ինչպես նաև տարածաշրջանի հիմնահարցերը քննարկելու համար Թեհրան են ժամանել Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար պարոն Յաղուբ Մամեդովը եւ Հայաստանի նախագահ պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանը: Օգտագործելով ընձեռված հնարավորությունը` իրանական կողմի նախաձեռնությամբ եւ առաջարկությամբ Լեռնային Ղարաբաղում եւ ադրբեջանա-հայկական սահմանում իրադրության բնականոնացման եւ տարածաշրջանում լարվածության թուլացման նպատակով տեսակետների մերձեցման ուղղությամբ դիվանագիտական ջանքերի շրջանակներում երկու պետությունների ղեկավարները հանդիպեցին 1992թ. մայիսի 7-ին եւ բանակցություններ վարեցին:

Կառուցողական եւ փոխըմբռնման մթնոլորտում ընթացած բանակցությունների ընթացքում կողմերը հանգեցին հետեւյալ համաձայնություններին:

Կողմերը նախապես երախտագիտություն հայտնեցին Իրանին, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես նաև մյուս երկրներին` տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը միտված ջանքերի համար եւ հույս հայտնեցին, որ խաղաղասիրական ցանկություններն ու բարի կամքը կնպաստեն խաղաղությանն ու կայունությանը:

Կողմերը համաձայնեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակով կազմակերպել երկու երկրների ներկայացուցիչների բարձր մակարդակի եւ պարբերաբար` շրջանների ղեկավարների ու պատասխանատու զինվորական ներկայացուցիչների հանդիպումներ:

Կողմերը ցանկություն հայտնեցին ԵԱՀԽ եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերը տարբեր մակարդակներում լուծել խաղաղ միջոցներով:

Հիմք ընդունելով միջազգային իրավական նորմերը` ՄԱԿ-ի կանոնադրությամբ կողմերն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղում, սահմաններում խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտությունը` նշելով, որ դա ձեռնտու է ինչպես երկու պետությունների, այնպես էլ տարածաշրջանի համար:

Հարգելով մարդու եւ փոքրամասնությունների իրավունքները` կողմերը ուշադրություն հրավիրեցին հայկական եւ ադրբեջանական փախստականների հիմնահարցերի լուծմանը:

Կողմերը պայմանավորվեցին, որ մեկ շաբաթվա ընթացքում Իրանի նախագահի ներկայացուցիչ Մ. Վայեզիի տարածաշրջան (Բաքու, Երեւան, Լեռնային Ղարաբաղ) ժամանելուց, շահագրգիռ կողմերի հետ բանակցություններ վարելուց հետո եւ Ադրբեջանի ու Հայաստանի պետությունների ղեկավարների աջակցությամբ իրականացվում է կրակի դադարեցում եւ միաժամանակ բացվում են բոլոր կոմունիկացիոն ճանապարհները` տնտեսական պահանջները բարելավելու նպատակով:

Համաձայնության դեպքում` ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար Իրանի դիտորդների հետ մեկտեղ կներգրավվեն ԵԱՀԽ եւ այլ դիտորդներ:

Կողմերը, դրական գնահատելով Թեհրանում բարձր մակարդակի հանդիպման աշխատանքները, համաձայնեցին, որ երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել տարբեր մակարդակի պատասխանատու անձանց հանդիպումների եւ խորհրդակցությունների միջոցով ու բանակցությունների ճանապարհով:

Երկու պետությունների ղեկավարները, բարձր գնահատելով Իրանի ջանքերը, հույս հայտնեցին, որ Իրանը կշարունակի իր ջանքերը մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Իրանի Իսլամական Հանրապետություն` Աքբար Հաշեմի Ռաֆսանջանի,
Ադրբեջանի Հանրապետություն` Յաղուբ Մամեդով,
Հայաստանի Հանրապետություն` Լեւոն Տեր-Պետրոսյան:

aniarc.am

Ավելին
Back to top button