ՆորություններՔո ձայնը

Ինչն է միավորում առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջերս Բարձագույն դատական խորհուրդը հրապարակել է իր տարեկան հաղորդումը, որը մոտ 253 էջանոց ծավալուն փաստաթուղթ է։ Փաստաթղթի վերաբերյալ շատ դիտարկումներ կարելի է անել, բայց դրանցից մի քանիսին անդրադառնամ՝ իհարկե չմոռանալով դրանք քննարկել ԲԴԽ նախագահի այլ հայտարարությունների եւ փաստաթղթերի հետ համակարգային կապի մեջ։ Հիմա ավելի մանրամասն՝

• Էջերով կատարվում են վերլուծություններ դատական իշխանության անկախության ապահովման մասին, ավելին նշվում է, որ ծանր հետհեղափոխական տարում ` դատարանների նկատմամբ հանրային ճնշման աննախադեպ ալիքի պայմաններում ԲԴԽ-ն հաջողել է ապահովել դատարանների բնականոն գործունեությունը՝ թույլ չտալով համակարգային կայունության էական խաթարում։ 
Դուք լրջորեն հավատու՞մ եք ձեր ասածին։

Ու ոչ մի խոսք այդ ճնշումները ուղղորդողների եւ առհասարակ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ կիրառվող խայտառակ ճնշումների վերաբերյալ։
Ի՞նչ է արել այս պարագայում ԲԴԽ-ն՝ բացի կրավորական, ոչինչ չասող հայտարարություններից, որոնք որոշ դեպքերում ավելի լավ է չլինեին, քանի որ ոչ այլ ինչ էին, քան ուղիղ հարված հանրային ճնշման տակ գտնվող դատավորին։ Ալեքսանդր Ազարյանի անկախությունը ինչպե՞ս եք ապահովել։ Դատավորի հայտարարությունն ինքնին շատ խոսուն է։ 
o Հաղորդման մեջ նշվում է, որ պետք է բացառել «հեռախոսային արդարադատությունը»` նույնիսկ որպես նվաճում նշվում է այս հարցի կապակցությամբ դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված նշանակալից որոշման մասին։ Տրամաբանությունը հուշում է, որ հաղորդման մեջ անդրադարձ պետք է լիներ հեռախոսազանգերով դատարանների անկախության խաթարմանը, հայտնի ձայնագրությունններին, գոնե որեւէ ձեւով քննարկվեր վարչապետի հայտարարությունը, որ չկա դատավոր, որ իրեն ասի չէ։ Քար լռություն։ Նույնիսկ չկա թեթեւակի հիշատակում իր պաշտոնավարումը հաջողությամբ շարունակող «Հրաչի»՝ ձայնագրությունների հերոս դատավորի մասին։
Պարզվում է՝ միակ ցցուն օրինակը այս բնագավառում այն է, որ ԴԱՀԿ-ն երբեմն նորմալ չի ապահովում դատական ակտերի հարկարդիր կատարումը։

Հետո հաղոդման ընդհանրապես ոչ վերաբերելի հատվածում խոսվում է խորհրդարանի եւ այլ ամբիոններից խոսող ինչ-որ չինովնիկների մասին, ովքեր վնասում են դատարանների անկախությանը։ 
Թերեւս ինչ-որ չինովնիկը հենց վարչապետն է։ Սա իմ կարծիքն է: 
Բայց ԲԴԽ այստեղ լուռ է, մի կողմից կարծես ասում է, որ կան չինովնիկներ, մյուս կողմից էլ լղոզում է՝ անուններ չտալով:

Ու մնում է միայն խորը ափսոսանք ապրել, որ դատական իշխանության երաշխավորը լուռ ու կույր է այն դեպքում, երբ պետք է արձագանքեր։ Բայց դե չարձագանքելու պատճառն էլ պարզ է. ԲԴԽ-ն խորը շնորհակալ է Կառավարությանը։ Ի՞նչու կհարցնենք։ Հավանաբար իրեն տրված հատկացումների համար։ Ու այստեղ հասկանում ես, թե ինչ կարեւոր բան է փոխադարձ երախտագիտությունը։

• ԲԴԽ մեկամյակի միջոցառմանը ԲԴԽ նախագահը հայտարարել է,որ բացառվել է համակարգային կոռուպցիան դատական իշխանության համակարգում, վերացվել են այդ երևույթի ինստիտուցիոնալ նախադրյալները։ Սրա լրջության աստիճանը նույնն է, ինչ այն հայտարարությանը, թե երկրում առհասա կոռուպցիա չկա: 
Իսկ ինչպես կարող է մի ամբողջ իշխանություն ՝ դատականը, իր անկախության երաշխավոր համարել մի կառույցի, որի ղեկավարը անհասցե այդ համակարգի հանդեպ օգտագործում է 
«ջեբգիրություն» բառը։
• Եվ իհարկե ոչ մի խոսք Վճռաբեկ դատարանի, հատկապես քրեական գործերով պալատի վախվորած կեցվածքի, իրավագիտության հետ զրո կապ ունեցող դիրքորոշումների, մինչ օրս շարունակվող զանգվածային ինքնաբացարկների եւ արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու դեպքերի մասին։

Հ.Գ. Կա աներկբա մի բան, որ միավորում է առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գագիկ Հարությունյանի «անփոխարինելիության» վերաբերյալ պատկերացումներն են։ Նիկոլ Փաշինյանը իր կարծիքը այս կառույցի ու նրա ղեկավարի մասին փոխել է, թե ոչ հստակ չէ, բայց հստակ է, որ Գագիկ Հարությունյանը, փոխել է կարծիքը ու ոչ միայն՝ նոր իշխանությունների քիմքին համապատասխան»:

Ավելին
Back to top button