Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի կողմից վիճարկվող հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, բայց կոնկրետ մեկնաբանության սահմաններում. ՍԴ

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը այսօր՝ մայիսի 7-ին, որոշում է կայացրել, ըստ որի՝ Քրդատօրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը, որը վիճարկում էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից, համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն կոնկրետ մեկնաբանության սահմաններում։ Նշենք, որ Ռ.Քոչարյանի բողոքը ՍԴ-ում ներկայացնում էր իրավաբան Արամ Վարդեւանյանը։

«Սահմանադրական դատարանը որոշեց՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը՝ այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործը ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է»,-ասված էր որոշման մեջ։

Նշենք նաեւ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթները կիրառվել են այլ՝ Սահմանադրական դատարանից տարբերվող մեկնաբանությամբ, ՍԴ մասին օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով։

ՍԴ այս որոշումը Սահմանադրության 179-ր հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Այսպիսով՝ ՍԴ-ն արձանագրել է, որ  Վճռաբեկ դատարանը չէր կարող բեկանել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, այլ պետք է կայացներ վերջնական դատական ակտ, ինչը տվյալ դեպքում չի արել։ 

Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի օգոստոսի 13-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է եւ վերացրել խափանման միջոցը, իսկ 2018 թվականի դեկտեմբերին վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազի բողոքը եւ վերացրել վերաքննիչ քրեական դատարանի նշված որոշումը եւ ուղարկել նոր քննության, ինչն էլ փաստորեն ՍԴ-ն այսօր սխալ է համարել։

Մանրամասները՝ շուտով։

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button