Նորություններ

Ավարտվել է Զարթոնք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի երկու բնակչի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի երկու բնակիչներ՝ ծնված 1979 և 1986թթ., նախնական համաձայնության գալով նույն մարզի Զարթոնք գյուղի բնակչից գումար հափշտակելու  շուրջ, 2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, դիմակավորված, զինված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով և «էլեկտրաշոկ» մահակով, ինչպես նաև իրենց մոտ ունենալով կպչուն ժապավեններ և պոլիմերային կապիչներ, անցել են Զարթոնք գյուղի տներից մեկի քարե պարսպի վրայով և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ապօրինի մուտք են գործել տուն: Տանտիրուհու  բղավոցներից օգնության են շտապել նրա ծնողները, ովքեր վնասազերծել ու բռնել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին, իսկ մյուսը, ինքնաձիգը վերցնելով, դիմել է փախուստի:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Արմավիր գյուղի 33-ամյա բնակիչը իր տանն ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափերով՝ 11,736 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն գյուղի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին

Ավելին
Back to top button