Նորություններ

Ինչու՞ է դատավորը հրաժարվել Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը քննելուց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը որպես ինքնաբացարկի հիմք մատնանշել է  «Մարտի 1-ի» քրեական գործով նախկինում որպես փաստաբան երկու մեղադրյալների շահերը պաշտպանելը եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի հետ նախկինում ունեցած գործնական հարաբերությունները։

«Ուսումնասիրելով գործի նյութերը պարզեցի, որ սույն գործն անջատվել է դեռևս 2008 թվականին հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 62202608 քրեական գործից, իսկ այդ գործով նախաքննության ընթացքում, ինչես նաև այդ գործից հետագայում անջատված մասերով նաև դատարաններում, իրականացրել եմ երկու մեղադրյալների շահերի պաշտպանություն: Պարզեցի նաև, որ դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից ինձ էր մակագրվել ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հր.Մուշեղյանի միջնորդությունը` թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Վահագն Ստյոպայի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որով ես` դատախազի միջնորդության հիման վրա, 29.12.2018թ-ին հայտնել էի ինքնաբացարկ»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ  ինքնաբացարկի որոշման մեջ գրել է դատավոր Վ.Գրիգորյանը։

Բացի այդ՝ նա նշել է, որ 2007 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, իսկ 2005 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է հանդիսացել Ռուբեն Սահակյանը, ով ներկայումս իրականացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը։ «Ինձ հետ աշխատանքային պայմանագիրը, որպես գործատու, 2007 թվականին կնքվել է, ինչպես նաև հետագայում այդ պայմանագարի ժամկետը երկարացվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռ.Սահակյանի կողմից։  Այդ հանգամանքները դատավարության մասնակիցների կամ օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ, ըստ դրա էլ կասկածի տակ կարող է դրվել քրեական գործի ողջ դատական քննության օբյեկտիվությունը, ինչպես նաև քրեական գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը, հետևաբար արդարադատության շահերից ելնելով գտնում եմ, որ անհրաժեշտ է հայտնել ինքնաբացարկ»,- նշել է դատավորը։

Ինչպես արդեն հայտնի է, գործը վերամակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, ով մեկ անգամ արդեն նախկինում ինքնաբացարկ հայտնել է՝ հրաժարվելով քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը ու ներկայումս նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ 

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button