Նորություններ

Ճապոնիան ՀՀ-ին տրամադրել է հրշեջ մեքենաների նոր խմբաքանակ

36 միավոր հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք, կարգավար 1 մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր. այս ամենը պաշտոնական արարողությամբ տրամադրվեց Ճապոնական JICA-ի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Տեխնիկան հատկացվելու է Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերին:

Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսքում հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց բարեկամ ժողովրդին, խոսեց բարեկամության, Հայաստանի համար նվիրաբերվող տեխնիկայի կարևորության մասին: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 14,5 մլն դոլար:

Իսկ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, իր ելույթի ընթացքում խոսելով հայերեն, կարևորեց Հայաստանում նման տեխնիկայի անհրաժեշտությունը:

«Ընկերության համար ընկերությամբ են վճարում»,- իր խոսքում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ կարևորելով և հիշելով Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Ճապոնիայի կառավարության ցուցաբերած օգնությունը:

Վարչապետը, դեսպանը և նախարարը նաև ուսումնասիրեցին մեքենաները, որից հետո որպես երկարատև և արդյունավետ համագործակցության սիմվոլ՝ միջոցառման ընթացքում մարվեց նամականիշ: Նամականիշի վրա պատկերված են հրշեջներ՝ կրակի դեմ պայքար մղելու պահին, իսկ խորապատկերին ներկայացված է հրշեջ մեքենա:

2019թ. մարտ-ապրիլ ամիսներին առաջին փուլի գույքն ու սարքավորումներն արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում են, իսկ երկրորդ փուլը նախատեսվում է տրամադրել 2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ավելին
Back to top button
Close