Նորություններ

Կապիտան Անդրանիկ Մկրտչյանին մահից առաջ ծեծել են. փաստեր, որոնք դատախազությունը խուսափում է պարզաբանել. forrights.am

Ապրիլյան պատերազմի հերոս, Մեղրիի N զորամասում մահացած կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահվան փաստով քրեական գործ էր հարուցել 2017 թվականի օգոստոսի 21-ին՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի /«Ինքնասպանության հասցնելը»/ հոդվածով: Ինքնասպանությունից բացի այլ վարկածներ վարույթն իրականացնող մարմինը չի դիտարկել:

Քննչական մարմինը փորձել է իրեղեն ապացույցներ թաքցնել տուժողի իրավահաջորդից՝ կապիտանի հայր Արմեն Մկրտչյանից: Վերջինիս պահանջով կրկնակի փորձաքննություն է արվել, և պարզվել է, որ կապիտանի մարմնի մոտ հայտնաբերված իբր՝ հետմահու գրության սևագիրը կա: Սևագրի վրա վերարտադրված են կապիտանի ձեռագրի որոշ մասնիկներ ու առանձին բառեր, ինչը կարող է վկայել, որ «հետմահու» գրություն չի եղել, որ այդ ապացույցը կեղծված է:

Անդրանիկ Մկրտչյանի հայրը՝ Արմեն Մկրտչյանը, համոզված է. կեղծել են ոչ միայն իր որդու ձեռագիրը, այլև մահվան վայրը: Դին, հիշեցնենք՝ հայտնաբերվել է կապիտանի աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։ Անդրանիկի ձեռքերի մեջ ինքնաձիգ է եղել, որի վրա սակայն մատնահետքեր չեն հայտնաբերվել: Որդու մահից մոտ մեկ տարի առաջ նա սեփական հետաքննություն է անցկացրել: Փորձագետների, նաև քննիչի հետ գնացել է Մեղրիի զորամաս, ուսումնասիրել է Անդրանիկի աշխատասենյակը և համոզվել է, որ որդուն սպանել են այլ տեղում, ապա նոր դիակը բերել են աշխատասենյակ:

Վերհիշում է Արմեն Մկրտչյանը, «Դարակը բաց էր, կողքը՝ պահարան: Երբեք, ինքնասպան մարդը տենց չի ընկնում: Ես փորձել եմ ընկնել էդ ձևով, չի ստացվել: Ո՞նց ա ընկել ու զենք էլ ձեռքի մեջ ա մնացել: Ինձ հետ եկած մարդիկ, իրենք ապշել էին, որ դեպքը տեղ կարող էր լինել: Ես ձեռքի ափով սեղանին հարվածեցի, «դնեվալնու» տեղը քննիչը կանգնած, ասեցի՝ դուք լսեցի՞ք ձենը: Ասեց՝ այո: Բա ո՞նց կարար ԱԿՄ-ը կրակեր, ու «դնեվալնին» չլսեր: Եթե ԱԿՄ-ը էդ սենյակում կրակի, ամբողջ շենքը կդղրդա, բայց «դնեվալնին» չի լսել: Նկարներում երևում է, որ ամեն տեղ արյուն է եղել, առաստաղին, հատակին, սեղանին: Ի՞նչ գործ ունի էդ արյունը, եթե նա ընկել է գետին: Էդքան արյուն չէր կարա ամեն տեղ քսած լիներ: Երևում է, ջուր են խառնել: Իմ երեխու շորերն էլ թաց են եղել, դրա համար էլ թաց են եղել: Իրանք իմ երեխուն սպանել են, բերել են դրել են կաբինետում»:

Հիշեցնենք՝ Անդրանիկի հորեղբայրը, որը ներկա է եղել դիահերձմանը, նկատել է, որ կապիտանի շորերը ամբողջությամբ թաց են եղել: Արմեն Մկրտչյանը պատմում է, որ այս յուրօրինակ տեղազննությանը զորամասի հրամկազմից ոչ ոք ներկա չի եղել. «Կամանդիրը, կորպուսի հրամանատարը փախան չաստից, չեկան մեզ հետ»:

Քրեագետ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ուսումնասիրելով գործով արված դատաբժշակկան փորձաքննությունները, եկել է նույն եզրահանգումներին, ինչ կապիտանի հայրը՝ Անդրանիկին սպանել են դրսում, այնուհետև նրա մարմինը բերել են աշխատասենյակ: Forrights.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց իր հիմնավորումները:

Նախ՝ հիշեցրեց, որ ըստ դատաբժշկական եզրակացության, կապիտանի մարմնի վրա հայտնաբերվել են թվով 10 մարմնական վնասվածքներ, այդ թվում դեմքին քերծվածքներ են եղել, որոնք հասցվել են բութ առարկայով: Մահվան օրը՝ առավոտյան, կապիտանը համբուրվել էր նշանածի հետ, որը տղայի դեմքին ոչ մի քերծվածք չի նկատել:

Երկրորդը՝ ըստ գործի նյութերի, կապիտանը ինքնասպանությունից առաջ եղել է հանրակացարանի իր սենյակում, որտեղ ընկերոջ հետ ձվաձեղ է կերել: Ապացուցված է, որ դա տեղի է ունեցել մահից մոտ կես ժամ առաջ, սակայն դատաբժշկական փորձագետը Մկրտչյանի ստամոքսում սննդի զանգված չի հայտնաբերել: Ինչպե՞ս կարող էր դա լինել, եթե բուսական սնունդը ստամոքսում մարսվում է 4-5 ժամում: Ռուբեն Մարտիրոսյանը պատասխանում է.

«Եթե անձը գլխի շրջանում ուժգին հարված է ստանում, նա ուղեղի ցնցում է տանում, գլխապտույտ է ունենում և փսխում է՝ ստամոքսը դատարկվում է: Մենք այդ հարցը տվեցինք նաև գործով փորձագետ Շավարշ Գևորգյանին, և նա ևս ասաց, որ կարող էր հարված լինել գլխի շրջանում: Հարվածի հետքերը կոծկել են, կրակելով նրա գլխին: Փորձագետը կարող էր հայտնաբերել մեխանիկականածքի հետքը, բայց չի ցանկացել դա անել»:

Գլխավոր դատախազությունը հրաժարվել է փորձագետ Շավարշ Գևորգյանի հարցաքննության արձանագրությունը տրամադրել տուժող կողմին, ինչը օրենքի կոպիտ խախտում է:

 

 

Սյուզան Սիմոնյան

forrights.am

Ավելին
Back to top button
Close