Նորություններ

«Նոր իշխանությունների հետ շատ լավ աշխատում եմ, ամեն ինչ նորմալ է». Մասիսի քաղաքապետ

Արտաշատում «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, անդրադառնալով իր դեմ քրեական գործ հարուցելու հարցում քաղաքական ենթատեքստ տեսնելու, իշխանությունների կողմից էլ որևէ ճնշում լինելու մասին, նշեց, որ նոր իշխանության հետ շատ լավ է աշխատում և որևէ խոչընդոտ չկա:

Հարցին, թե ինչու է այդ միջադեպը կապվում իր անձի հետ, եթե, ինչպես ինքն է պնդում, դրա հետ կապ չունի, Մասիսի քաղաքապետն արձագանքեց.

«Չեմ կարող ասել: Այդ դեպքերին չեմ մասնակցել, հիմա էլ չեմ մասնակցի, որևէ մեկին էլ չեմ հորդորի նման բան անել… Քրգործի հարուցումից հետո իմ համակիրների թիվը չի քչացել, իրենք ինձ հետ են, որևէ խնդիր չկա: Մասիսցիները միշտ հաստատակամ են»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ հաջորդ ընտրություններին ցանկություն չունի առաջադրվելու:

«Եթե առաջադրվեմ, այն ժամանակ կերևա՝ ես համակիրներ ունեմ, թե չունեմ: Եթե հիմա լինի ընտրություն, ես վստահ եմ, որ վերընտրվելու որևէ խնդիր չեմ ունենա: Կարող է ժամանակը գա, առաջադրվեմ, պետք չէ իմ ասածը սարքել պատմություն»:

Հարցին, թե ուրա՞խ է, որ տեղի ունեցավ հեղափոխություն, նա նշեց, որ ուրախ է ժողովրդի համար:

«Ինչը ժողովրդի համար լավ է, ինձ համար էլ է լավ: Ժողովուրդն ինչ ուզում է, ՀՀԿ-ն կլինի, Պողոսը կլինի, Պետրոսը կլինի, որը ժողովրդի համար լավ է, ինձ համար դա լավ է: Թող ժողովուրդը որոշի»:

 

Ավելին
Back to top button
Close